Վրաստանի ՆԳՆ-ը հայտարարել է այդ երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Քութայիսիի վարչական շենքերի մոտակայքում ահաբեկչություններ նախապատրաստելու գործը բացահայտելու մասին։
Վրաստանի ՆԳՆ տվյալներով, պատվիրատուն եղել է Ռուսաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչ, Աբխազիայի տարածքում գտնվող ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունում աշխատող սպա Ալեքսեյ Ուշակովը։
Ուշակովին ահաբեկչությունների կազմակերպիչ են նշել դրանց իրականացման մեջ կասկածվողները։ Աբխազիայի Գալիի շրջանում բնակվող Մանուչար Ձաձուան եւ նրա զարմիկը՝ Ավթանդիլ Ձաձուան բռնվել են Վրաստանի Զուգդիդի քաղաքում։ Մանուչար Ձաձուայի մոտից հայտնաբերվել է հեքսոգեն՝ դրա մեջ դրված դետոնատորով եւ ժամային մեխանիզմով:
Ինչպես պատմել է ձերբակալվածներից մեկը, պայթուցիկը Աբխազիայի Օչամչիր քաղաքում իրեն տվել է ռուսական բանակի Վոլոդյա անունով մի սպա։ Եղբայրները Քութաիսիում պետք է կազմակերպեին երեք պայթյուններ։ Պայթյունները պետք է իրականացվեին Իմերեթիայի վարչակազմի շենքի, Արդարադատության տան եւ Վրաստանի ընդդիմադիր լեյբորիստական կուսակցության գրասենյակի մոտ։
Մանուչար Ձաձուայի խոսքով, կատարած աշխատանքի համար ինքը պետք է ստանար 3 հազար դոլար։ Ռումբը տալու ժամանակ «սպա Վոլոդյան» Ձաձուային խոստանում է սպանել Աբխազիայում բնակվող նրա բարեկամներին, եթե վերջինս իրավապահներին հայտնի իր անունը։
Ինչպես հայտնում է Yтро.Ru-ն, անցած տարվա աշնանը Վրաստանի տարածքում միանգամից մի քանի ահաբեկչություններ էին կատարվել։ 2010 թվականի հոկտեմբերի 2-ին պայթյուն էր որոտացել Չալադիդի երկաթուղային կամրջի վրա, հոկտեմբերի 21-ին՝ Թբիլիսիի երկաթուղային կայարանում, սեպտեմբերի 22-ին՝ Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան մոտ։
Տեսանյութը՝ Վրաստանի ՆԳՆ օպերատիվ նկարահանման կադրեր




























