«ՎԵՏՕ» շարժման մասնակից Աննա Հակոբյանը հարց է բարձրացնում՝ ինչպես է ստացվել, որ այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի մեկնարկին, հակառուսական ակցիա է տեղի ունեցել Բաղրամյան 26-ում, մինչդեռ ավելի վաղ ոստիկանությունն իրենց արգելել էր մեկ այլ ակցիայի շրջանակում երթով գնալ այնտեղ։
«Հարգելի լրատվամիջոցներ, խնդրում եմ պարզել, թե ինչպես ստացվեց, որ մեզ՝ Սորոսի վաստակների դեմ ակցիայի մասնակիցներիս, ՀՀ ոստիկանությունն արգելեց երթով բարձրանալ Բաղրամյան 26՝ հայտարարելով, որ ճանապարհները փակ են, այդ թվում՝ հետիոտների համար, իսկ Սորոսի վաստաների հակառուսական ակցիան՝ սորոսական «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ փաստաբան Նինա Կարապետյանցի գլխավորությամբ, ով նաև «Սասնա ծռեր» ահաբեկչական խմբակի փաստաբանն է, կայացավ Բաղրամյան 26-ի դիմաց՝ ոստիկանների լռության ներքո:
Արդյո՞ք սա բավարար հիմք չէ՝ պնդելու, որ սորոսականների հակառուսական ակցիան կայացել է ՀՀ վարչապետի գիտությամբ ու թույլտվությամբ:
Իմ գնահատմամբ՝ բավարար է»,– «Ֆեյսբուքում» գրել է նա։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ իրավապաշտպան Նինա Կարապետյանցը եւ Հելսինկյան ասամբլեայի Երեւանի գրասենյակի ղեկավար Նատալյա Մարտիրոսյանը Բաղրամյան 26-ի դիմաց պաստառներ էին պարզել՝ պահանջելով ազատ արձակել Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Տաջիկստանում գտնվող քաղաքական բանտարկյալներին։
Հիշեցնենք, որ «ՎԵՏՕ» շարժումը «Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան»-ի վտանգների մասին իրազեկման իրենց ակցիա էր իրականացնում, երբ ոստիկանությունը նրանց արգելեց մոտենալ Բաղրամյան 26–ին։




























