Մենք ընդլայնում ենք ԵԱՏՄ-ի էությունը: Այս մասին Երեւանում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքներով ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Հիշեցնենք, որ նիստի շրջանակում Սինգապուրի հետ համաձայնագիր է ստորագրվել:
Պատասխանելով համագործակցության ձեւաչափում ներդրումների եւ ծառայությունների մասին դրույթի ներառման մասին հարցին՝ Տիգրան Սարգսյանը նշեց, որ այդ մոտեցումն իսկապես ընդլայնում է ԵԱՏՄ-ի էությունը:
«Մենք զուտ տնտեսական միություն ենք, եւ ներդրումների ու ծառայությունների հարցերն այսօր գտնվում են կառավարությունների իրավասության տակ: Միեւնույն ժամանակ հասկանալի է, որ հարմարավետ պայմաններ ստեղծելու համար մենք պետք է համապատասխանենք ընդհանուր մոտեցմանն ու ընդհանուր ստանդարտներին, որպեսզի Սինգապուրն իրեն հարմարավետ զգա մեր տնտեսական տարածքում: Շատ կարեւոր է, որպեսզի մենք այլ երկրներում տարածենք մեր փորձը: Մասնավորապես, ազատ առեւտրի գոտի ձեւավորելու հարցով բանակցություններ վարելու համար դիմում ենք ստացել Իսրայելից, եւ մեր իսրայելցի գործընկերները նաեւ ենթադրում են, որ դա կլինի համալիր փաստաթուղթ, եւ որ բանակցություններ կընթանան ոչ միայն սակագների, այն նաեւ ներդրումների եւ ծառայությունների շուրջ այն նույն ձեւաչափով, ինչպես դա տեղի ունեցավ Սինգապուրի հետ: Կարծում եմ՝ դա լավ օրինակ է: Այդ առումով Սինգապուրն առաջին երկիրն է, որը հույս ունի շարունակել այդ պրակտիկան»,- նշեց Տիգրան Սարգսյանը:





























