Հայաստանում թանգարանային ֆոնդերում ցուցանմուշների եւ արտեֆակտների պահման հետ կապված խնդիր կա: Այս մասին հոկտեմբերի 2-ին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
Նրա խոսքով՝ կարեւոր խնդիրներից է մնում հնագիտական պեղումների ժամանակ կամ պատմամշակութային հուշարձանների մոտ հայտնաբերված նյութերի պահման հարցը, քանի որ կանոնակարգում մինչ այժմ խնդիրներ կան:
«Պահման համար համապատասխան վայր չունենք»,- հստակեցրեց Հարությունյանը: Ընդ որում, նա նշեց, որ թանգարանների եւ ֆոնդերի ենթակառուցվածքների թարմացման, ինչպես նաեւ նորերի ստեղծման անհրաժեշտություն կա:
«Այս տարի միջոցներ են տրամադրվել՝ ապահովելու նկարների եւ թանգարանային այլ ցուցանմուշների պահման պայմանները: Սակայն մենք մտադիր ենք անհապաղ զբաղվել ֆոնդերի հարցով, քանի որ այնտեղ պահվող ցուցանմուշների լուրջ վնասման դեպքեր են գրանցվել»,- ասաց նա:
Հարությունյանը հայտնեց, որ այսօր թանգարանների ֆոնդերի ինվենտարիզացման աշխատանքներ են տարվում, սակայն պրոցեսը ձգձգվում է թվայնացման պատճառով:





























