Լեհական կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ տնտեսական համագործակցության խորացմամբ: Այս մասին այսօր` Երեւանում հայտարարել է Լեհաստանի ԱԳ փոխնախարար Հենրիկ Լիտվինը, ով հանդիպել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ:
ԱԱԽ մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են հայ-լեհական համագործակցությանն առնչվող հարցեր: Կարեւորվել է Հայաստանի եւ Լեհաստանի անվտանգության խորհուրդների միջեւ երկխոսության ու Լեհաստանի հետ քաղաքական համագործակցության խորացումը: Ընդգծվել է Արթուր Բաղդասարյանի` անցած տարվա նոյեմբերին Լեհաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու անհրաժեշտությունը: Այդ ենթատեքստում քննարկվել են լեհական «Էկոտեխ» ընկերության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Հայաստանի թունաքիմիկատների գերեզմանոցների վնասազերծման հետ կապված հարցեր:
Հենրիկ Լիտվինը նշել է, որ լեհական կողմը կարեւորել է «Նաիրիտ» գործարանի հետ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: Նշվել է, որ գյուղատնտեսության ոլորտում եւս համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման հնարավորություններ ակն, որոնք պետք է օգտագործել:
Քննարկվել են հայ-լեհական գործարար խորհուրդ ստեղծելու խնդիրները:
Հենրիկ Լիտվինը տեղեկացրել է, որ առաջիկայում Լեհաստանում սպասվում են անվտանգության, մարդկանց առեւտրի եւ թմրաբիզնեսի դեմ պայքարի խնդիրներին նվիրված համաժողովներ եւ հրավիրել է հայկական կողմին` մասնակցել այդ համաժողովներին:




























