Պարզվել է, որ Երեւանի պետական համալսարանում մարտի 23-ին ռումբի կեղծ ահազանգի հեղինակը երկրորդ դասարանի աշակերտ է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի պետական համալսարանից ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասում մարտի 23-ին ժամը 12:40-ին ահազանգ էր ստացվել, որ մի անհայտ քաղաքացի զանգահարել է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանին եւ հայտնել, որ  ֆակուլտետի շենքում ռումբ է տեղադրված:

Ահազանգն ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր էին մեկնել ոստիկանության, ԱԱԾ, պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ եւ պարզվել էր, որ հաղորդումը չի համապատասխանում իրականությանը:

NEWS.am-ի թղթակցին այսօր` ապրիլի 2-ին ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ ՀՀ ոստիկանության եւ ԱԱԾ ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանի աշխատասենյակի  հեռախոսահամարին ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգը իրականացրել է 8 տարեկան, 2-րդ դասարանցի մի աշակերտ: Կատարվում է քննություն:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի