Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղի 83-ամյա բնակիչ Աշոտ Օհանջանյանը, ով մարտի 30-ին որսորդական հրացանից կրակել էր Ոստիկանության Կապանի բաժանմունքի պետ Արմեն Գեւորգյանի աշխատասենյակի պատուհանին, գործողության պահին  ալկոհոլի ազդեցության տակ է եղել։ NEWS.am-ին այս մասին հայտնեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից։

Օհանջանյանը բերման է ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին, որտեղ բացատրություն է տվել, թե որեւէ մեկին սպանելու կամ վնասվածք պատճառելու մտադրություն չի ունեցել:

Աշոտ Օհանջանյանն այնուհետ տեղափոխվել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր: Նա ներկայումս ստացիոնար բուժում է ստանում։

Օհանջանյանի հոգեկան վիճակը պարզելու համար նշանակվել է ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն:

Նշենք, որ Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղի 83-ամյա բնակիչ Աշոտ Օհանջանյանը մարտի 30-ին որսորդական հրացանից կրակել է Ոստիկանության Կապանի բաժանմունքի պետ Արմեն Գեւորգյանի աշխատասենյակի պատուհանին։ Կրակոցի պահին ոստիկանության պետը խորհրդակցություն անցկացնելիս է եղել։ Փամփուշտն ընկել է ոստիկանի հանգստյան սենյակ։