Վենեսուելայի իշխանությունները շաբաթ օրը մերժել են Գվատեմալայի ընտրված նախագահ Ալեխանդրո Ջամատեիի մուտքը երկիր։ Վերջինս գալիս էր իր աջակցությունը հայտնելու ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին։ Այս մասին քաղաքական գործիչը հայտնել է իր հեռուստաուղերձում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մեզ թույլ չտվեցին մտնել Վենեսուելա։ Մեզ ուղեկցեցին մինչեւ դուռը, եւ մենք ինքնաթիռ նստեցինք։ Թեեւ մեզ ներս չթողեցին, մենք կստիպենք ողջ մայրցամաքին մեզ լսել»,- ասել է քաղաքական գործիչը։ Վենեսուելական ընդդիմությունը դատապարտել է երկրի իշխանությունների գործողությունները։

Ջամատեին Գվատեմալայի նախագահ է ընտրվել օգոստոսի 11-ին՝ ընտրողների 60 տոկոս ձայներով։ Կենտրոնական Ամերիկայի երկրի նոր ղեկավարի երդմնակալությունը կանցկացվի 2020թ․ հունվարի 14-ին։

Վենեսուելան վերջին տարիներին սուր սոցիալ-տնտեսական ճգնաժամ է ապրում, որն ուղեկցվում է ազգային արժույթի հիպերարժեզրկմամբ եւ դեւալվացիայով։ ՄԱԿ գնահատականների համաձայն, հանրապետությունը լքել է արդե ավելի քան 4 մլն մարդ։