Անկախ նրանից, թե ինչ են ասել կամ ինչ կասեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, իրականում Արցախի խնդրի կարգավորման գործընթացը նույնիսկ 2016-ի ապրիլից առաջ փաստորեն կասեցված էր, թեեւ բանակցություններն ընթանում էին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Նրա խոսքով, բանակցությունները մինչեւ 2016-ի ապրիլ տեղի էին ունենում, որպեսզի ստեղծեն ինչ-որ նպաստավոր մթնոլորտ, որ կարգավորման ուղղությամբ բանակցությունները շարունակվեն:

«Ապրիլից հետո դա ընդհանրապես սառեց, Հայաստանում 2018-ի փոփոխություններից հետո եւս ինչ-որ ժամանակ պետք էր, որ փոխադարձ ճանաչողություն լինի Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների, բայց այսօր, հատկապես մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահի հայտարարությունից եւ ՀՀ վարչապետի պատասխանից հետո, կասկածում եմ, որ որեւէ առաջընթաց լինի հարցի կարգավորման ուղղությամբ»,-ընդգծեց Մանոյանը: