Հոկտեմբերի 16-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ամերիկահայ գործարար եւ բարեգործ Նուբար Աֆեյանին:

Զրուցակիցները կարեւորել են «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» միջոցառման մեկնարկը Հայաստանում, որը մի հարկի տակ է համախմբել գիտական ու տեխնոլոգիական աշխարհի առաջատար մասնագետներին ու գործարարներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի գիտատեխնոլոգիական առաջանցիկ զարգացման եւ երկրում նորարարությունների կիրառման հարցեր:  Այս համատեքստում հատուկ անդրադարձ է կատարվել արհեստական բանականությանը եւ Հայաստանի` այս ոլորտում առաջատար երկիր դառնալու հնարավորություններին:

Քննարկվել է նաեւ հայության գիտական ներուժի, մասնագիտական հմտությունների եւ գործարար ցանցի օգտագործումը՝ ի նպաստ Հայաստան-Սփյուռք փոխգործակցության ամրապնդման: