Հոկտեմբերի 17-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել դոնոր-համակարգման հանդիպում, որի նպատակն էր ընդգծել Հայաստանի տնտեսության զարգացման վրա գիտության եւ ինովացիաների ազդեցության հնարավորությունները: Հանդիպմանը ներկա էին պետական կառույցների, դեսպանությունների,  միջազգային կազմակերպությունների, «Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամ»-ի (FAST) եւ մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ  կառավարությունը հանձնառու է Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր դարձնելուն եւ այդ նպատակով ներդրումային բարենպաստ միջավայր եւ առաջադեմ ինովացիոն էկոհամակարգ ձեւավորելուն: Նա հավելել է, որ կառավարությունը նպատակ ունի այնպիսի նախապայմաններ ստեղծել, որ Հայաստանը պատրաստ լինի կլանել առաջադեմ գլոբալ գիտելիքը, տնտեսությունն ի վիճակի լինի տեղափոխվել տեխնոլոգիական հաջորդ մակարդակ, ինչի շնորհիվ երկիրը կդառնա բարձր տեխնոլոգիական ապրանքներ ու ծառայություններ արտադրող ու արտահանող երկիր:

Դոնոր-համակարգման հանդիպմանը քննարկվել է կառավարության համար առանցքային նշանակություն ունեցող ծրագիր, որն իրագործվելու է «Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամ»-ի հետ փոխգործակցությամբ:   Ծրագրի նպատակն է  խթանել տարածաշրջանում նորարարության, գիտության եւ տեխնոլոգիաների զարգացումը։

Նախագծի իրագործումը մեծ նշանակություն կունենա Հայաստանի ռազմավարական զարգացման համար՝ ազգային անվտանգության, գիտության եւ կրթության ու գյուղատնտեսության ոլորտների առաջխաղացման տեսանկյունից: Կառավարության ու «FAST»-ի  կողմից իրագործվող այս ծրագիրը գտնվում է մշակման փուլում:

Հանդիպման նպատակն էր նաեւ ներգրավել միջազգային հանրությանը նախագծի մրցունակությունն ապահովելու գործում: