Կանադայի վարչապետ եւ անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով մեծամասնությունից զրկված Լիբերալ կուսակցության առաջնորդ Ջասթին Թրյուդոն մտադիր չէ կառավարությունը ձեւավորելիս ընդդիմադիր կուսակցությունների հետ կոալիցիա կազմել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մեր ծրագրերի մեջ չի մտնում ցանկացած կարգի կոալիցիա կազմելը՝ ո՛չ պաշտոնական, ո՛չ ոչ պաշտոնական»,- Օտտավայում մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին ասել է նա: Թրյուդոն հավելել է, որ այս շաբաթ ընդդիմադիր կուսակցությունների բոլոր առաջնորդների հետ հանդիպելու մտադրություն ունի:
Երկուշաբթի խորհրդարանական ընտրություններում Լիբերալ կուսակցությունը հաղթել էր: Լիբերալներն առաջ էին անցել 338 ընտրական տարածքներից 157-ում՝ ստանալով ընտրողների ձայների 33,1 տոկոսը: Պահպանողական կուսակցությունը հաղթել էր 121 տարածքում (34,4 տոկոս), երրորդ տեղում է «Քվեբեքյան դաշինքը» (հաղթել է 32 տարածքում՝ 7,7 տոկոս), այնուհետեւ հաջորդում են Նոր դեմոկրատական կուսակցությունը (հաղթել է 24 տարածքում՝ 15,9 տոկոս) Կանադայի «կանաչների» կուսակցությունը (հաղթել է 3 տարածքում՝ 6,5 տոկոս), մեկ մանդատ է ստացել անկախ թեկնածու: Մեծամասնության կառավարություն ձեւավորելու համար լիբերալներին անհրաժեշտ էր 170 մանդատ, բայց Թրյուդոն հավատարիմ է հին կանադական ավանդույթին, որի համաձայն ընդունված չէ խորհրդարանական կոալիցիաներ կազմել:
Կանադայում հազվադեպ չէ փոքրամասնության կառավարությունը, բայց այդպիսի օրենսդիր մարմնի աշխատանքը, որպես կանոն, զգալիորեն դժվարանում է: Օրինակ՝ այդպես է եղել 2006 թվականին, երբ Պահպանողական կուսակցությունը ընտրություններում հաղթել էր, բայց Համայնքների պալատում (խորհրդարանի ստորին պալատ) մեծամասնություն չէր ստացել: Արդյունքում՝ 2008 թվականին խորհրդարանականների ընթացիկ գումարումը արձակվել էր Կանադայի գեներալ-նահանգապետի կողմից, նույն տարի տեղի էին ունեցել նոր ընտրություններ, որում պահպանողականները վստահ հաղթանակ էին գրանցել:





























