Բոլիվիայի ընդդիմության ներկայացուցիչները փորձում են պետական հեղաշրջում իրականացնել երկրում նախագահական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո: Այս մասին հայտարարել է երկրի գործող նախագահ Էվո Մոռալեսը, որը պայքարում է նոր ժամկետով վերընտրվելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Բոլիվիայի ժողովրդին հայտարարում եմ, որ պետական հեղաշրջում է նախապատրաստվում ընդդիմության կողմից եւ միջազգային աջակցությամբ»,- նշել է նա՝ հավելելով, որ իշխանությունները համբերություն են ցուցաբերում՝ բռնությունից խուսափելու համար:
Կիրակի տեղի ունեցած նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները հրապարակվել են ընտրատեղամասերի փակվելուց գրեթե 4 ժամ անց: Դրանց հրապարակումից հետո ընդդիմադիր թեկնածու Կառլոս Մեսան հայտարարել է, որ քվեարկության արդյունքներն իրեն թույլ կտան դուրս գալ երկրորդ փուլ: Մոռալեսն իր հերթին ասել է, որ այդ պահին դեռեւս չհաշվարկված ձայներն իրեն հաղթանակ են ապահովում արդեն առաջին փուլում:
Քվեաթերթիկների 94,81%-ի ստուգումից հետո հրապարակված արդյունքների համաձայն՝ Մոռալեսի օգտին է քվեարկել ընտրողների 46,23%-ը, իսկ Մեսայի օգտին՝ 37,29%-ը: Բոլիվիայում գործող օրենքների համաձայն՝ առաջին փուլում հաղթանակի համար թեկնածուն պետք է հավաքի ձայների ավելի քան 50%-ը կամ 40% պայմանով, որ մրցակիցը կհավաքի առնվազն 10% ավելի քիչ: Եթե թեկնածուներից ոչ մեկը չհասնի այդ արդյունքին, ապա երկրորդ փուլը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին:





























