Լիբանանի նախագահ Միշել Աունը հակակառավարական ցույցերի 8-րդ օրը ազգին ուղղված հեռուստատեսային ուղերձում հայտարարել է ցուցարարների ներկայացուցիչների հետ հանդիպելու եւ իրավիճակը լուծելու հնարավոր տարբերակները քննարկելու պատրաստակամության մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Երկուշաբթի Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է երկրում ֆինանսական ճգնաժամը կարգավորելու նպատակով միջոցների եւ բարեփոխումների, ինչպես նաեւ ներկայիս եւ նախկին նախարարների ու պատգամավորների աշխատավարձը 50 տոկոսով կրճատելու, կոռուպցիայի դեմ պայքարի ազգային կենտրոն ստեղծելու մասին: Հարիրին հայտարարել է, որ նոր բյուջեում նոր հարկեր նախատեսված չեն: Իշխանությունները նաեւ պարտավորվել են 20 մլրդ լիբանանյան լիրա տրամադրել ամենաաղքատ ընտանիքներին:

«Դիմում եմ ցուցարարներին: Ես պատրաստ եմ հանդիպել ձեր ներկայացուցիչների հետ՝ լսելու ձեր կոնկրետ պահանջները: Իսկ դուք լսեք իմ մտքերն ու մտավախությունները մեր երկրի ֆինանսական փլուզման պատճառով: Կքննարկենք՝ ինչ կարող ենք անել միասին, որպեսզի բավարարենք մեր պահանջներն ու խուսափենք քաոսից»,- ասել է Աունը: Նրա խոսքով՝ այդպիսով կհաջողվի կառուցողական երկխոսություն սկսել: Նա նաեւ նշել է, որ լիբանանցիներն իրենց մտքերն արտահայտելու եւ ցույցեր կազմակերպելու իրավունք ունեն, սակայն միայն հրապարակներում՝ առանց ճանապարհները փակելու:  

Ավելի վաղ լիբանանյան ԶԼՄ-ները հայտարարել են, որ ցույցերը չկազմակերպված բնույթ են կրում եւ ակնհայտ առաջնորդներ կամ շարժման ներկայացուցիչներ չեն նկատվում:

Լիբանանում ցույցերը սկսվել են հոկտեմբերի 17-ից: Ցուցարարները փողոցներ եւ մայրուղիներ են փակում: Հակակառավարական ցույցերը հիմնականում խաղաղ բնույթ են կրում, սակայն ցուցարարները չեն շտապում պատասխանել ճանապարհները բացելու զինվորականների եւ բժիշկների կոչերին: Բացի այդ, բանակի եւ ցուցարարների միջեւ բախումներ են սկսվել, հաղորդվել է վիրավորների մասին:

Ցուցարարները պահանջում են ցրել կառավարությունն ու խորհրդարանը, արտահերթ ընտրություններ անցկացնել, չեղարկել քաղաքականության մեջ եկեղեցական քվոտաները: Մի շարք համալսարաններ հայտարարել են անորոշ ժամանակով դասերն ու քննությունները հետաձգելու մաիսն, փակ են մնում երկրի բանկերը: