Հայաստանն առաջարկում է Եվասիական տնտեսական միության շրջանակում խորհրդարանական մարմին ստեղծել: Այս մասին հոկտեմբերի 24-ին Մոսկվա-Բիշքեկ-Երեւան-Մինսկ-Նուր Սուլթան տեսակամուրջի ժամանակ ասաց Հայաստանի ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը:

Պատգամավորի պարզաբանմամբ՝ կարելի է սկսել անդամ երկրների խորհրդարանական հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպումների ակտիվացումից: «ԵՏՄ շրջանակում շարունակում են մնալ մեծաթիվ խոչընդոտներ, եւ անդամ երկրները պետք է ջանքեր ներդնեն դրանք չեզոքացնելու համար, ինչը կարելի է անել նաեւ միջխորհրդարանական ավելի ակտիվ աշխատանքով»,- նշեց նա:

Սանդիկովը հավելեց, որ Միության հանդեպ հետաքրքրություն կա, ինչի մասին է վկայում Սինգապուրի եւ Իրանի ղեկավարների մասնակցությունը: «Մեզ համար կարեւոր է, որ Հայաստանը, ԵՏՄ-ի հետ ընդհանուր սահման չունենալով, Իրանի եւ Միության անդամ երկրների միջեւ կարող է կապ հաստատել ազատ առեւտրի գոտու մասին ստորագրված համաձայնագրի շնորհիվ»,- պարզաբանեց նա:

Պատգամավորն ընդգծեց, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են ավտոմեքենա ներմուծող ընկերությունների ներկայացուցիչներին տեղեկացնել 2020 թվականի հունվարի 1-ից երրորդ երկրներից ավտոտրանսպորտային միջոցների ներկրման արտոնյալ ժամկետի ավարտի մասին:

Ի պատասխան Միությանը Ադրբեջանի հնարավոր անդամակցությանն առնչվող հարցին՝ հայաստանցի պատգամավորը նշեց, որ նոր անդամներին ԵՏՄ կազմ ընդունումը կատարավում է կոնսենսուսի հիման վրա, սակայն օրակարգում այդպիսի հարց առայժմ չկա: