Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում հոկտեմբերի 23-ին շարունակվեց Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանության համար մեղադրվող քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանի (Ալավերդցի Վահագ) եւ Վլադիմիր Դավթյանի գործով դատական նիստը։ Մեղադրող դատախազը շարունակեց հրապարակել գործով առանցքային վկա Արթուր Մնացականյանի՝ նախաքննության ժամանակ տված ցուցմունքները։ Վկան պնդում է, թե իբր նախաքննության ժամանակ ցուցմունքները գրել է ՀՔԾ եւ քննչական կոմիտեի քննիչների հոգեբանական ճնշման ներքո։

Նախաքննության ժամանակ տված ցուցմունքներից մեկում վկան նշել էր, որ Վահագն Աբգարյանն իրեն պատմել է՝ «Մարցի ձոր» կոչվող անտառային տարածքում Վլադիմիր Դավթյանին Վահագն Աբգարյանի թիկնապահներից Կակուլ մականունով Գագիկ Մոսինյանը մի քանի անգամ տարել է կրակել սովորեցնելու.

««Օպել» մակնիշի ավտոմեքենայով, գնացել ենք Ալավերդու շրջանի «Մարցի ձոր» կոչվող անտառային տարածք, որտեղ Վլադիմիրը շիշ էր դնում, կրակում էր շշի վրա, կամ էլ կրակում էր ծառերի վրա: Ես անձամբ ներկա եմ եղել դրան երկու անգամ. կրակում էի իմ օրինական որսորդական զենքից՝ վինչեստերից, իսկ Վլադիմիրը կրակում էր Սոխակյանի ատրճանակից: Գագիկը նույնպես մի քանի անգամ Վահագնի ասելով Վլադիմիրին տարել է կրակելու, սակայն կոնկրետ որտեղ, ես չգիտեմ: Վլադիմիրը կարծես դարձել էր Վահագնի ֆանատը, նույնիսկ դաջվածք էր արել կրծքին՝ առյուծի տեսքով, տակն էլ «Վահագ» գրառումով: Այդ դաջվածքը Վլադիմիրը ինչքան գիտեմ կատարել է Վահագի հետ Երեւանում վարձով բնակվելու ընթացքում, իսկ թե որտեղ է դաջել տվել չգիտեմ: Այդ ընթացքում Վահագնը նույնիսկ կնքեց նրան, դարձավ նրա կնքահայրը: Կնունքի արարողությունն արվել է Օձուն գյուղի կենտրոնում գտնվող եկեղեցում, սակայն չեմ հիշում կոնկրետ երբ»,–նախաքննական ցուցմունքում նշել է վկան։

Գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը վկայից հետաքրքրվեց՝ արդյոք ինքը տեղյա՞կ է, որ Վլադիմիր Դավթյանը դաջվածք ունի իր մարմնի վրա՝ «Վահագն» գրառմամբ, ինչին ի պատասխան վկան նշեց, որ չի տեսել, տեղյակ չէ։

Նշենք, որ քրեական գործում առկա է Վլադիմիր Դավթյանի մարմնի վրա առկա վերը նշված դաջվածքի լուսանկարը, որը եւս հետազոտվել է դատարանում։

Ցուցմունքներից մեկում վկան ասել էր, որ Կամո Փիրուզյանի սպանության համար ատրճանակը Վլադիմիր Դավթյանին տվել է Վահագն Աբգարյանը ու հայտնել, որ այն պատկանել է 2009թ. մահացած իրենց ընկեր Սոխակյանին։

«Ինձ հայտնի չէ՝ սպանությունը պատվիրելու համար Վահագն Աբգարյանը Վլադիմիր Դավթյանին նյութապես շահագրգռել է, թե՞ ոչ, բայց սպանության համար ատրճանակը տվել է Վահագնը: Բացի այդ, ինչպես նշել եմ Վահագնի հանձնարարությամբ Վլադիմիրը կրակելուն վարժվեց, իսկ 2017թ. հունիսի 13-ին էլ իրականացրեց Կամո Փիրուզյանի սպանությունը: Կարող եմ ասել, որ Վլադիմիր Դավթյանը այդ սպանությունը կատարել է զուտ Վահագն Աբգարյանին՝ իր հավատարմությունն ու նվիրվածությունը ապացուցելու համար»,–ասել էր նա։

Նախաքննական մեկ այլ ցուցմունքում Արթուր Մնացականյանն ասել է, որ Վահագն Աբգարյանը Լոռու մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի հետ մտերիմ է եւ ունեցել են պայմանավորվածություն՝ Վլադիմիր Դավթյանի արարքը որակել որպես վրեժխնդրություն՝ Կամո Փիրուզյանի նկատմամբ.

«Այդ դեպքից հետո, կոնկրետ ժամանակահատվածը չեմ հիշում Վահագնը մի քանի անգամ հանդիպել է Լոռու մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի հետ, ում հետ մոտ 3-4 տարի է ինչ գտնվում է մտերիմ հարաբերությունների մեջ, բազմաթիվ հարցերով շփվել են իրար հետ: Առաջին հանդիպումը չեմ հիշում, թե երբ է եղել, բայց հաստատ գիտեմ, որ Լոռու մարզի քննչական վարչությունում նրանք հանդիպել են: Բացի այդ, նրանք երկուական անգամ հանդիպել են Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտայի վրա գտնվող «Ռոլի» սրճարանում, հանդիպել են Դավթաշենում գտնվող բնակարանում, որը 2017թ. սեպտեմբերի վերջերին ենք վարձակալել: Ես նրանց խոսակցությանը ներկա չեմ եղել, բայց մինչեւ խոսակցությունը եւ դրանից հետո Վահագը ինձ ասել է, որ Թաթուլի հետ խոսելու է, որ Վլադիմիրի արարքը որակվի սպանության առաջին մասով, որ այնպես գործը քննվի եւ այնպես ներկայացվի, որ Վլադիմիրը սպանությունը կատարել է Կամոյի հետ թշնամական հարաբերություններ ունենալու պատճառով, այլ ոչ թե պատվերով»,–իր ցուցմունքում հայտնել է վկան։

Մնացականյանը դատարանում հայտարարեց, որ նման ցուցմունք չի տվել։ Սակայն ի պատասխան Լուսինե Սահակյանի հարցի, վկան հաստատեց, որ Վահագն Աբգարյանը Թաթուլ Շուշանյանի հետ ունեցել է մտերիմ հարաբերություն։

Լուսինե Սահակյանի հարցին՝ արդյոք Վահագն Աբգարյանն իրեն հուշել է՝ ինչ ցուցմունք տալ, քանի որ գաղտնալսումների ուսումնասիրությամբ պարզվում է, որ Վահագն Աբգարյանը թե վկային, թե Վլադիմիր Դավթյանին, թե գործով մյուս վկաներին հարցաքննություններից առաջ հրահանգում է, թե ինչ բովանդակությամբ ցուցմուններ պետք է տան եւ քրեական գործի ուսումնասիրությամբ պարզվում է, որ նրանք տվել են այդ հրահանգներին համապատասխանող ցուցմունքներ, վկան ասաց. «Ո՛չ, սխալ հարց եք տալիս, չեմ պատասխանի, ես այդ գաղտնալսումներում չեմ խոսել եւ վերջ, երբ կապացուցեք որ ես եմ եղել այն ժամանակ…»։

Վկան հարցաքննության ընթացքում ընդունեց, որ գաղտնալսումներում ինքը զրուցում է Վահագն Աբգարյանի հետ՝ իր ձայնն է, սակայն երբ զրույցներում առկա էր Կամո Փիրուզյանի սպանությանն առնչվող հատվածներ, նշում էր՝ իրենը չէ։ Սակայն դատախազը նշեց, որ կա փորձագետի եզրակացություն, որով հիմնավորվում է, որ այդ ձայները Վահագն Աբգարյանինն են։

Լուսինե Սահակյանը դատարանին միջնորդեց՝ հետաձգել դատական նիստը՝ հաշվի առնելով, որ աշխատանքային ժամի ավարտից անցել է արդեն մեկ ժամ 30 րոպե, ինքը նախորդ նիստի ձայնագրության կրիչները ստացել է հոկտեմբերի 22-ին, եւ մեկ գիշերվա ընթացքում չի հասցրել կազմել վկային ուղղվող բոլոր հարցերը։ Տուժողն էլ հայտարարեց, որ իր երեխան հիվանդ է եւ չի կարող մնալ նիստին։

Սահակյանը նշեց. «Սա միայն մեկ ցուցմունքի հիման վրա կազմված հարցերն էին, իսկ նա տվել է 18 ցուցմունք։ Դուք իրավունք չունեք անձանց պարտադրել՝ աշխատել ոչ աշխատանքային ժամին։ Տուժողի իրավահաջորդը մի քանի օր առաջ եկել էր դատարան՝ նախորդ նիստի կրիչները ստանալու, դատարանն ասել է, որ կրիչները փոստով են ուղարկել, իսկ ինձ հասել է երեկ»։

Սակայն դատարանը մերժեց միջնորդությունը, եւ նիստը շարունակվեց աշխատանքային ժամի ավարտից հետո։

Լուսինե Սահակյանը դատարանին ներկայացրեց արձանագրություն, որը հիմնավորում էր իր` նախորդ դատական նիստում հայտարարածն այն մասին, որ աշխատանքային ժամի ավարտից հետո ինքն իրոք մասնակցել է քննչական գործողության։ Ընդ որում՝ այս նույն գործով դատական նիստերից մեկի ժամանակ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներին վիրավորելու փաստի առթիվ հարուցված գործով։

Այնուհետեւ Լուսինե Սահակյանը դատարանին միջնորդեց, որպեսզի պաշտպանության միջոց կիրառվի վկա Արթուր Մնացականյանի նկատմամբ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վկան եւ իր ներկայացուցիչ Մարինա Պողոսյանը մի քանի անգամ նաեւ զանգվածային լրատվության միջոցներով հայտարարել էին, որ վկայի վրա ճնշումներ կան, եւ վտանգ է սպառնում իրեն, սակայն նրա նկատմամբ պաշտպանության միջոց դատախազությունը չի կիրառում։ Սահակյանը նշեց, որ իր համար տարօրինակ է, որ Մարինա Պողոսյանը եւ Վահագն Աբգարյանի պաշտպանը դատախազությունից էին պահանջում ապահովել վկայի անվտանգությունը, այն դեպքում, երբ այս փուլում միայն դատարանն է իրավասու պաշտպանության միջոց կիրառել։

Վկան ասաց, որ իրեն անհրաժեշտ չէ պաշտպանության միջոց կիրառել, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա։ Այդ միջնորդությանն առարկեց նաեւ պաշտպաններից Ինեսսա Պետրոսյանը։

Դատարանը մերժեց միջնորդությունը եւ ավարտված համարեց վկայի հարցաննությունը, անտեսելով տուժող կողմի հայտարարությունն այն մասին, որ իրենք վկային դեռ բազմաթիվ հարցեր ունեն ուղղելու։

Ի դեպ վկան հարցաքննության ընթացքում դժգոհություն հայտնեց նաև իր բոլոր նախկին փաստաբաններից։ Մատնանշեց երեքի անունը, նախ ասաց, որ Քննչական կոմիտեում իր հետ է եղել փաստաբան Հովիկ Արսենյանը, ով իրեն միայնակ է թողել, երբ բարձրացրել են մեկ հարկ վերև ու հոգեբանական ճնշման ենթարկել, մյուս փաստաբան Լյուդվիգ Ավետիսյանի վերաբերյալ արտահայտվեց «իրենց մարդ» արտահայտությամբ, փաստաբան Հակոբ Ճարոյանին էլ անվանեց ծախված, ասեց, որ Վահագն Աբգարյանի կողմից Հ.Ճարոյանի ծառայությունիխներից հրաժարվելուց հետո է որոշել գալ ու ցուցմունք տալ։ Ի դեպ վկան հայտնեց նաև, որ փաստաբան Հակոբ Ճարոյանն իր դեմ արդեն դատական հայց է ներկայացրել նրա հայտարարությունները համարելով զրպարտություն։

Նշենք, որ ըստ մեղադրանքի, Վահագն Աբգարյանը ապօրինի կերպով ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, ակոսափող հրազեն հանդիսացող 2 ատրճանակներ, որոնցից մեկն ապօրինի պահելու նպատակով տվել է Արթուր Մնացականյանին, իսկ մյուսը փամփուշտների հետ տվել է Վլադիմիր Դավթյանին, բացի այդ կազմակերպել է Կամո Փիրուզյանի սպանությունը, Թաթուլ Շուշանյանին տվել է առանձնապես խոշոր չափերով, իսկ Արտակ Հովհաննիսյանին՝ խոշոր չափերով կաշառք: Նրան մեղադրանք է առաջադրվել միաժամանակ 6 հոդվածների հատկանիշներով: