Բարձրաստիճան դեմոկրատ սենատորը խնդրել է ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինին տեղեկություն հայտնել թուրք պաշտոնյաների հետ իր հարաբերությունների մասին՝ հետաքննության շրջանակում, թե արդյոք նա կամ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի այլ անդամներ միջամտել են թուրքական պետական Halkbank բանկի հանդեպ քրեական հետապնդմանը ԱՄՆ-ում։

Սենատոր Ռոն Ուիդենը Մնուչինին նամակ է ուղարկել, որում անհանգստություն է հայտնել «տագնապալի հաղորդումների» առիթով Halkbank-ի գործին ֆինանսների նախարարի ենթադրյալ մասնակցության մասին։

Ուիդենը հղում է կատարել Bloomberg News-ի հաղորդմանը, թե Թրամփը Մնուչինին եւ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարին հանձնարարել է պարզել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բազմաթիվ հայտարարությունները՝ Halkbank-ի դեմ մեղադրանքներից խուսափելու մասին։

Ապրիլին հեռախոսազրույցի ժամանակ Թրամփն Էրդողանին ասել էր, որ Մնուչինը եւ Բարը կզբաղվեն այդ հարցով։ Հաջորդ ամիսներին Halkbank-ի դեմ ոչ մի գործողություն չի ձեռնարկվել՝ կապված Իրանի դեմ պատժամիջոցներից շեղվելու սխեմային նրա ենթադրյալ հանցակցության հետ։

«Վարչակազմի միջամտությունը Halkbank-ի վերաբերյալ Թուրքիայի հայցերի բավարարման հարցում կարող էր խափանել ԱՄՆ իրավապահ մարմինների բազմամյա ջանքերը»,- գրել է Ուիդենը։

2017-ին Թրամփը պահանջեց, որպեսզի այն ժամանակվա պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն օգնի համոզել արդարադատության նախարարին փակել քրեական գործը իրանա-թուրքական ոսկու առեւտրական Ռեզա Զառաբի դեմ, որը Թրամփի անձնական փաստաբանի՝ Ռուդի Ջուլիանիի հաճախորդն էր։ Թիլերսոնը հրաժարվեց՝ ասելով, որ դա անօրինական կլինի։

Սենատորը խնդրել է Մնուչինին մանրամասն տեղեկություն տրամադրել պաշտոնն ստանձնելու պահից թուրք պաշտոնյաների հետ բոլոր փոխգործակցությունների մասին։ Նա հարցրել է՝ խնդրե՞լ է արդյոք Թրամփը կամ Մնուչինի աշխատակիցներից որեւէ մեկը միջամտել Halkbank-ի վերաբերյալ հարցերին։

Մնուչինը պետք է պատասխանի մինչեւ նոյեմբերի 20-ը։

Ավելի վաղ այս ամիս ԱՄՆ դատախազները քրեական մեղադրանքներ էին ներկայացրել Halkbank-ին՝ նրան մեղադրելով խարդախության, փողերի լվացման եւ ԱՄՆ պատժամիջոցներն Իրանի դեմ խախտելու մեջ։

Halkbankի դեմ մեղադրանքները ներկայացվել են Էրդողանի եւ թուրք բարձրաստիճան այլ պաշտոնյաների կողմից հանրային եւ մասնավոր լոբբիից հետո՝ նպատակ ունենալով դադարեցնել Իրանի դեմ պատժամիջոցների խախտումների հետաքննությունները։

Ուիդենը առանձին նամակ է ուղարկել նաեւ ութ բանկերի ղեկավարների, այդ թվում՝ JPMorgan Chase & Co., HSBC Holding Plc եւ Deutsche Bank AG, որոնք մեղադրական եզրակացության մեջ նշված են որպես «զոհ բանկեր»՝ խաբված Halkbank-ի անունից կատարված արգելված տրանզակցիաների ժամանակ։