Թուրքիայի իշխանությունները բռնի ուժով սիրիացի փախստականներին արտաքսում են Սիրիայի հետ սահմանին գտնվող շրջան, որտեղ մտադիր են այսպես կոչված «անվտանգության գոտի» ստեղծել, հաղորդում է Amnesty International-ը:

Այժմ Թուրքիայում մոտ 3,6 մլն սիրիացի փախստական է բնակվում: Անկարան հույս ունի մինչեւ 2 մլն մարդ տեղափոխել Սիրիայի հյուսիս-արեւելքում ծրագրվող «անվտանգության գոտի»: Անկարան պնդում է, որ ավելի քան 350 000 սիրիացի փախստական վերադարձել է իր երկիր, հաղորդում է Reuters-ը:

Սակայն Amnesty International-ի հաղորդմամբ՝ փախստականները բողոքում են, որ թուրքական ոստիկանությունը սպառնացել է նրանց կամ պարտադրել փաստաթղթեր ստորագրել, որոնք հաստատում են, որ իրենք ինքնակամ վերադառնում են Սիրիա:

«Իրականում Թուրքիան սպառնալիքի տակ է դնում սիրիացի փախստականների կյանքը՝ նրանց ստիպելով ռազմական գործողությունների գոտի վերադառնալ»,- հայտարարել է բրիտանական իրավապաշտպան կազմակերպությունը: 

Amnesty International-ը կարծում է, որ վերջին ամիսներին հարյուրավոր մարդիկ են հարկադրաբար տեղափոխվել: Կազմակերպությունը հիմնվում է հուլիսից մինչեւ հոկտեմբեր անցկացված հարցազրույցների վրա՝ հաստատելով նման 20 դեպք: Արտաքսված սիրիացիներին սովորաբար հայտնում են, որ իրենք գրանցված չեն կամ ապրում են թուրքական նահանգի սահմաններից դուրս, որտեղ գրանցված են, ընդ որում, մարդկանց արտաքսում են նահանգներից, որտեղ նրանք գրանցված են եղել: