Ինչ էլ հիմա ասի կամ չասի Նաիրի Հունանյանը, ես չեմ հավատում, որ նա երբեւէ կլինի ազատության մեջ, որ որեւէ իշխանություն ազատ կարձակի նրան: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով նրան, որ «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկված Նաիրի Հունանյանը դիմել էվաղաժամկետ ազատ արձակվելու համար:

Նա դա համեմատեց այն խոսակցությունների հետ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանից սկսած մինչեւ Նիկոլ Փաշինյան բոլոր ղեկավարներին մեղադրում էին, թե պատաստվում է հողեր հանձնել. «Չեմ հավատացել երբեք նման բաների, չեմ հավատում, որ կա Հայաստանում որեւէ անհատ, առավել եւս պետական կամ քաղաքական գործիչ, որ կամիկաձե է եւ կփորձի հող հանձնել: Նույնը կարող եմ ասել Նաիրի Հունանյանին ազատ արձակելու մասին»:

Ինչ վերաբերում է նրան, որ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը երկու ժամանոց հանդիպում է ունեցել Նաիրի Հունանյանի հետ, որից հետո ասել էր, որ նա ադեկվատ անձնավորություն է, Կարեն Քոչարյանն ասաց. «Ադեկվատ մարդը դեռ 20 տարի առաջ լինելով ավելի երիտասարդ, ադեկվատ չէր, հիմա ադեկվա՞տ է: Կներեք, դա ինձ համար ամենեւին հիմք չէ: Կարող է Նաիրի Հունանյանն ադեկվատ է, բայց ինքն ինչ ասես կարող է ասել: Եթե նա այն ժամանակ գնացել է այդ քայլին, ինքը պատրաստ է յուրաքանչյուր քայլի ինձ համար: Ինքն այն էակն է, որ իր ազատ արձակվելու, ուրիշին էլի ոչնչացնելու համար ունակ է ամեն քայլի: Դրա համար ես չեմ պատրաստվում այստեղ քննարկել նրա ադեկվատությունը, հոգեկան վիճակը»: