Ոչ Նիկոլ Փաշինյանն է որոշելու Արցախի հարցը, ոչ Սահմանադրական դատարանը, ինչպես ժամանակին չեն որոշել մեր նախկին ղեկավարները: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
«Այդ հարցերը լրիվ այլ տեղ է լուծվում եւ այլ տեղ էլ լուծվելու է: Շատ բաներում կարող ենք մեղադրել այսօրվա իշխանություններին, բայց եկեք հասկանանք, որ երբ ասում ենք՝ իշխանությունը պոպուլիզմով է զբաղվում, ժողովուրդն ինչո՞ւ է հավատում այդ պոպուլիզմին: Երեւի ունեն չէ՞ հիմք, որ հավատում են: մարդիկ այնքան են զզված 30 տարվա իրականությունից, որ ցանկացած բանի հավատում են, կապ չունի, պոպուլիզմ է, սուտ է, ճիշտ է: Մենք պետք է հիմքերը նայենք ու հասկանանք, թե ինչու է ժողովուրդը այդ կուտը ուտում: Դրա համար հիմքեր կան: Պետք է հասկանանք այդ հիմքերը եւ հասկանանք, թե ինչպիսի հարցեր պետք է դնել իշխանությունների առջեւ»,-ասաց քաղտեխնոլոգը:
Նա հավելեց, որ իշխանությունը շատ ռեսուրս չունի. «Ֆինանսական ռեսուրսներ չունի, աշխարհաքաղաքական ռեսուրս չունի, չունի անգամ ուժային ռեսուրս, դրա համար գնում են այդ փոփոխություններին: Բայց այդ փոփոխություններով ուժայինները չեն դառնալու իրենց ռեսուրսը: Իշխանության ռեսուրսը միայն այն է, ինչն ստացել է սկզբից՝ դա ներքին էլեկտորատի ռեսուրսն է, որն այսօր այնքան չէ, որքան այն ժամանակ կար:Բայց այնքան քիչ էլ չէ, որ այդ ռեսուրսն ընդհանրապես անտեսվի»,-ասաց Քոչարյանը:





























