Սուբվենցիոն ծրագրերը հավուր պատշաճի իրականացնելու եւ ավարտելու նպատակով Կոտայքի մարզպետը շինարարական կազմակերպությունների եւ հեղինակային հսկողություն իրականացնող ընկերությունների հետ քննարկում կանցկացնի:

Մարզպետարանից NEWS.am-ին հայտնում են, որ Կոտայքի մարզի տարբեր համայնքներում այս օրերին սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են շինարարական աշխատանքներ:

Աշխատանքների որակի հետ կապված՝ Բյուրեղավանի համայնքապետարանում քննարկում է տեղի ունեցել շինարարական կազմակերպության, տեխնիկական հսկողություն եւ հեղինակային հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Տարբեր քննարկումների արդյունքում պարզվել է, որ մի քանի ճանապարհների մայթերի որոշ հատվածների եզրաքարերը կառուցվել են թերություններով՝ չպահպանելով ճանապարհների ուղղությունը:

Մարզի մի քանի համայնքներում եւս այս պահին ստուգվում է աշխատանքների որակը՝ որոշ դեպքերում չբացառելով նաեւ խիստ մեթոդների կիրառումը:

Նշենք, որ այս համատեքստում Կոտայքի մարզպետը հաջորդ շաբաթ քննարկում է իրականացնելու մարզում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների, կառուցապատողների, տեխնիկական վերահսկողների հետ՝ նշված խնդիրները խորքային քննարկելու նպատակով:

Մարզպետը ընդգծել է իր եւ մարզպետարանի վճռականությունը՝ թույլ չտալու մարզի համայնքներում իրականացնել անորակ եւ ուշացած աշխատանքներ: