Հոկտեմբերի 24-ին, ժամը 07.14-ին, ոստիկանություն է զանգահարել մի ՍՊԸ աշխատակից եւ հայտնել, որ Մոսկովյան փողոցում գտնվող իրենց գրասենյակից կատարել են գողություն: Մեկ րոպե անց ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Թումանյան եւ Փարպեցու փողոցների հարակից տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել Բուզանդի փողոցի բնակիչ 16-ամյա մի պատանու:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ահազանգից չորս րոպե առաջ պատանին մի խումբ անձանց հետ կոտրել է մուտքի դռան ապակին եւ գրասենյակից գողացել դյուրակիր համակարգիչ:
Ձեռնարկվում են միջոցառումներ մյուս անձանց եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Հետագա միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն պատանին եւ մի խումբ անձինք նույն օրը, ժամը 06.45-ին, Թումանյան փողոցում գտնվող սրճարանի դրամարկղից գողացել են 25 հազար դրամ:
Կենտրոնականի քրեական հետախույզները պարզել են, որ նույն անձինք մինչ այդ էլ կատարել են գողություններ: Մասնավորապես, հոկտեմբերի 20-ի գիշերը Սարյան փողոցում գտնվող ռեստորանի սրահից գողացել են դրամարկղը, որի մեջ եղել է 250 հազար դրամ:
Հոկտեմբերի 15-ին Հյուսիսային պողոտայում գտնվող ռեստորանից կատարել են գողության փորձ: Նույն օրը Մաշտոցի պողոտայում մի ռեստորանի դրամարկղից գողացել են 50 հազար դրամ եւ բանալիներ: Հոկտեմբերի 17-ին Դեմիրճյան փողոցում մի խանութից գողացել են ծխախոտ: Նույն օրը Զաքյան փողոցում ռեստորանից գողացել են դրամարկղ եւ բջջային հեռախոս, նաեւ տեխնիկական միջոցների գործադրմամբ՝ Գյուլբենկյան փողոցում հացի վաճառակետի դրամարկղից գողացել են փող:
Պարզվել է նաեւ, որ նրանք գողության մի փորձ էլ կատարել են հոկտեմբերի 24-ի գիշերը: Փորձել են կոտրել Կոմիտասի պողոտայում գտնվող մի խանութի մուտքի դուռը, սակայն հանցագործությունը ավարտին չհասցրած՝ դիմել են փախուստի:
Կատարվում է նախաքննություն:





























