Հոկտեմբերի 25-ին Երեւանում Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում հանդիսավոր միջոցառում է անցկացվել՝ նվիրված Ռուսական գիտության ու մշակույթի կենտրոնի 10-ամյակին, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Միջոցառումը սկսվել է այն բանից հետո, երբ հնչել են Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի օրհներգերը: Միջոցառմանը մասնակցել են Գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնի աշխատակիցներ, Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներ՝ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորությամբ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը, ինչպես նաեւ մայրաքաղաքի բնակիչներ:
«Երեւանում Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնն ու Գյումրիում վերջերս բացված դրա մասնաճյուղը լիովին ապացուցել են, որ պահանջված են՝ դառնալով Հայաստանում Ռուսաստանի շատ կարեւոր տարր, մեր հարաբերությունների առանցքային ոլորտում երկկողմանի փոխգործակցության տարր: Այդ ոլորտը, որն առնչվում է յուրաքանչյուր մարդու տարբեր ասպարեզներում՝ մշակութային, կրթության, հումաիտար համագործակցության: Դա այն է, ինչը դարերով միավորել է մեր ժողովուրդներին, ինչն իսկապես մեր խորը եղբայրական հարաբերությունների միջուկն է: Եւ ԳՄՌԿ-ը Հայաստանում կարողացել է իր գործունեությամբ, իր նախագծերով, ծրագրերով, հայ հասարակության տարբեր խավերի հետ աշխատանքով ունենալ ներդրումն առ այն, որ այդ հարաբերությունները ոչ միայն պահպանվեն, այլ նաեւ զարգանան եւ այդկերպ արձագանքեն այն պահանջներին, որոնք թելադրվում են արագորեն փոփոխվող իրականության կողմից»,-հայտարարել է դեսպան Կոպիրկինը:
Իր հերթին Միջազգային հումանիտար համագործակցության, արտասահմանում բնակվող հայրենակիցների եւ ԱՊՀ գործերի Դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Միխայիլ Բրյուխանովը նշել է, որ իրենց խնդիրն է ստեղծել հնարավորինս շատ հնարավորություններ եղբայրական հայ ժողովրդի գիտության, կրթության եւ մշակույթի պոտենցիալը բացահայտելու եւ բարեկամական կապերը զարգացնելու նպատակով:
Պաշտոնական մասին հաջորդել են Սանկտ Պետերբուրգից «Բիս-Քվիթ» անսամբլի, Մարինյան թատրոնի եւ Կալինինգրադի ֆիլհարմոնիայի մենակատարների ելույթները:




























