Երկրապահ կամավորականների միության Կենտրոն տարածքային բաժանմունքի ժողովի օրակարգում այսօր՝ հոկտեմբերի 25–ին, տարածքային բաժանմունքի նախագահի ընտրությունը պետք է կայանար, սակայն ԵԿՄ անդամներից մի քանիսը հանձնեցին իրենց անդամատոմսերը եւ հեռացան՝ նշելով, որ դեմ են այդ կարգով ընտրությանը։ Նրանք պահանջում էին, որ Կենտրոնի նախագահը լինի Կենտրոնի ԵԿՄ անդամ։
Մինչեւ ընտրության գործընթացին անցնելը, զոհվածի երկրապահի այրի Լուսինե Շամիրյանը հանդես եկավ հայտարարությամբ, թե Կենտրոն տարածքային բաժանմունքի նախագահի ԺՊ Ռոմիկ Մխիթարյանը լավագույն թեկնածուն է։
Երկրապահներից մեկն առաջարկեց Լյովա Մելիքյանի թեկնածությունը, քանի որ նա անցել է 2 պատերազմ. «Եկեք չանձնավորենք, թող ոչ մեկ չասի, թե իր ավտոմատը մյուսի ավտոմատից ավելի արագ էր կրակում։ Այս հաղթանակը թող ոչ ոք իրեն չվերագրի։ Մոռացե՞լ եք՝ էն տարիներին ինչպես էինք իրար գուրգուրում ու փաթաթվում։ Էս ի՞նչ եղավ, բաժանենք, որ տիրե՞նք։ Կենտրոնի հիմնադիր անդամները նստած լռում են, էս ի՞նչ է կատարվում այս երկրապահի հետ»։
Սպանդարյան ջոկատի մարտական հրամանատար, երկրապահ Աշոտ Ղարիբյանն էլ հանձնեց իր անդամատոմսը եւ նշեց. «Ոնց են ասում են՝ իրավիճակ ա փոխվել, ստեղից բոլորն էլ իմ մարտական ընկերներն են, ուղղակի այստեղից արդեն երեւում է տրամադրությունը։ Որպեսզի մեր տրամադրությունն ավարտենք գեղեցիկ, ու ավելորդություն չլինի մեր միջեւ, շնորհակալություն եմ հայտնում պարոն վարչության պետի տեղակալին»։
Աշոտ Ղարիբյանի ելույթից հետո ԵԿՄ անդամներից մի քանիսը նույնպես հանձնեցին իրենց անդամատոմսերը եւ հեռացան ԵԿՄ Կենտրոնի տարածքային բաժանմունքից։
ԵԿՄ անդամներն ասացին, որ դիմում-նամակով դիմել են ԵԿՄ նախագահ Սասուն Միքաելյանին, որ հետաձգեն Կենտրոնի նախագահ ընտրելու հարցը. «Իրազեկված չենք, պետք է քննարկում ունենանք, սակայն կայացավ իրենց նշանակած օրը։ Իրենք բերել այլ տարածքներից մարդկանց են գրանցել, որ մասնակցեն այս ընտրությանը։ Ավելի լավ է հոտնկայս մեռնել, քան ծնկաչոք ապրել»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Աշոտ Ղարիբյանը։





























