Իրաքի կառավարությունը հայտարարել է երկրի տարածքում սաուդյան Al Arabiya եւ Al Hadath հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Al Arabiya հեռուստաալիքին, որի տվյալներով՝ որպես հաղորդումների հեռարձակման ժամանակավոր դադարեցման պաշտոնական պատճառ  արաբական պետության ղեկավարությունը նշել է հեռուստաալիքների լիցենզիայի բացակայությունը:

Հիշեցնենք, որ ուրբաթ Իրաքում սկսվել են նոր բողոքի ցույցեր կյանքի որակի վատթարացման, գործազրկության աճի եւ իշխանության մարմիններում կոռուպցիայի դեմ, որոնք արագորեն վերաճել են անկարգությունների: Դրանց հետեւանքով 42 մարդ է զոհվել եւ շուրջ 2 հազար մարդ վիրավորվել: Ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումներ են տեղի ունեցել, եւ ցուցարարները հարձակվել են տեղական ադմինիստրացիայի շենքերի, տարբեր կուսակցությունների, շիիթական ռազմականացված ապստամբության (Ալ-Խաշդ աշ-Շաբի) գրասենյակների վրա՝ թալանելով եւ հրդեհելով դրանք: Այդ գործողությունների հետեւանքով վնաս է հասցվել ավելի քան 70 կառավարական հաստատություններին, կուսակցական շտաբերին ու մասնավոր սեփականության օբյեկտներին: