Այն, որ Նաիրի Հունանյանին, ցանկացած հիմնավորմամբ, ազատ արձակելը կլինի ոչ միայն ապտակ մեր ազգային արժանապատվությանը, այլեւ անպատվաբեր հայի տեսակին՝ երկրորդ կարծիք չի կարող լինել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը։

«Ի՞նչը կարող է լույս սփռել «դարի հանցագործության» վրա

Հոկտեմբերի 27-ին նախընթաց ամենից շատ քննարկվող հարցերից մեկը՝ ոճրագործ Հունանյանի դիմումն է իր նկատմամբ պատիժը փոխելու (թե ազատ արձակելու) վերաբերյալ:

Կարծես թե հայտնի է նաեւ այդ միտքը հղացողը: Համոզված եմ՝ նման ճղճիմ գաղափարը, ինչպես նաեւ տեսակցությամբ հանցագործին՝ ոճրագործության հետ կապված որոշ «նոր փաստերի» դիմաց ազատության մեջ հայտնվելու հույս ներշնչելու միտքը, կարող էր ծագել միայն հիվանդ գլխում:

Այն, որ հանցագործին, ցանկացած հիմնավորմամբ, ազատ արձակելը կլինի ոչ միայն ապտակ մեր ազգային արժանապատվությանը, այլեւ անպատվաբեր հայի տեսակին՝ երկրորդ կարծիք չի կարող լինել:

Նման քայլի անթույլատրելի եւ հանրորեն դատապարտելի լինելու մասին շատ դիպուկ արտահայտվել է նաեւ Կարեն Դեմիրճյանի այրին՝ տիկին Ռիմա Դեմիրճյանը:

Շատ կարեւոր է փաստել եւ այդ առումով կարծում եմ պետք է համաձայնվել մամուլում հնչած այն մտքի հետ, որ ով փորձ անի ազատել կամ միջնորդել ազատելու ոճրագործին, ինչպիսի հիմնավորմամբ էլ դա արվի, նա էլ հանդիսանում է ոճրագործության կամ պատվիրատուն կամ պատվիրատուի ներկայացուցիչը:

Հենց այս հանգամանքն էլ կարող է լույս սփռել «դարի հանցագործության» վրա»,-նշել է նա: