Southwest Airlines ավիաընկերության բորտ-ուղեկցորդուհին դատի է տվել ընկերությանը՝ հայտարարելով, որ ավիափոխադրողի օդաչուները տեսախցիկ են տեղադրել ինքնաթիռի զուգարանում՝ հետեւելով «հանգստի սենյակի» այցելուներին այփադի միջոցով օդաչուների համար նախատեսված խցիկում, հաղորդում է Fox News-ը:
Բորտ-ուղեկցորդուհի Ռենե Սթեյնեքերը պատմել է, որ 2017 թվականի փետրվարին Ֆենիքսից Փիթսբուրգ թռիչքի ժամանակ կապիտան Թերի Գրեմը խնդրել է նրան նստել օդաչուների համար նախատեսված խցիկում, որպեսզի նա գնա զուգարան, քանի որ ըստ կանոնադրության՝ օդաչուների խցիկում պետք է մշտապես գտնվի երկու մարդ:
Հանկարծակի Սթեյնեքերը նկատել է պլանշետ եւ հարցրել երկրորդ օդաչու Ռայան Ռասելին, թե ինչի համար այն նախատեսված:
Համաձայն մեղադրական կողմի փաստաթղթերին՝ Ռասելը խուճապի է մատնվել եւ ասել, որ այփադը տեղադրված է ինքնաթիռում անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով: Սակայն բորտ-ուղեկցորդուհին հանկարծակի տեսել է, որ այփադը հեռարձակում է Գրեմին, որը գտնվում է զուգարանում: Նա լուսանկարել է սարքը:
Սթեյնեքերը եւ անձնակազմի մի շարք այլ անդամներ զեկուցել են տեղի ունեցածի մասին ղեկավարությանը, սակայն նրանց կարգադրել են լռել, եւ այդ օդաչուները դեռեւս աշխատում են ավիաընկերությունում:





























