Հնարավոր  է՝ մի գործընթաց սկսենք, որից  ավելի շատ Նաիրի Հունանյանն օգտվի, քան որեւէ մեկը, եւ ճշմարտությունը ոչ հասարակությունն իմանա, ոչ էլ հարազատները, այսինքն՝ դառնա շահարկման առարկա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասել է  ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը։

Հարցին՝ արդյո՞ք համամիտ է սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի  տեսակետին, թե առանց դատական համակարգի բարեփոխման, որեւէ դատավարություն հույս չի ներշնչելու, Մարուքյանը պատասխանել է, որ Ա. Սարգսյանի հայտարարությունը խորը մտածված եւ ողջամիտ քաղաքական դիրքորոշում է։

«Կարծում եմ՝ դա պետք է լինի մի այնպիսի փուլում, երբ բոլորս վստահ կլինենք՝  գործընթացը որեւէ ձեւով չի քաղաքականացվի։ Այս գործը Քենեդու սպանության հետ են հաճախ համեմատում։ Միացյալ  Նահանգներում քանի տարի է անցել Քենեդու սպանությունից, դեռ բազմաթիվ հատորներ գաղտնի են, հրապարակման ենթակա չեն, ամերիկյան հասարակությանն այդ հատորները մատչելի չեն, քանի որ մտածում են, թե  դրան դեռ վաղ է անդրադառնալը։ Նույնը մեզանում է, այսինքն՝ մենք վստա՞հ ենք, որ այս գործը վերաբացվի, մեր դատարաններում դա քննարկվելու է արդարացի բոլոր պայմաններով, կա՞ նման վստահություն»։

Է. Մարուքյանը համակարծիք է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հետ, որն առավոտյան լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը պետք է խոսի հոկտեմբերի 27-ի մասին։

«Գագիկ Ջհանգիրյանը, երբ գլխավոր դատախազի տեղակալ էր,  Օպերայի հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ ու խոսեց Հոկտեմբերի 27-ի մասին։ Եթե այդ մարդիկ ինչ-որ բաներ ասեն, որոնք կդառնան նոր երեւան եկած հանգամանքներ, ապա եկեք քննարկենք։ Իսկ Նաիրի Հունանյանի ասածը չեմ կարող արժանահավատ համարել», ասել է Մարուքյանը։

Հիշեցնենք, որ 20 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործության հետեւանքով զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը եւ օպերատիվ կառավարման հարցերով նախարար (փաստացի իրականացրել է փոխվարչապետի գործառույթներ) Լեոնարդ Պետրոսյանը: Կարեն Դեմիրճյանը հուղարկավորվեց Կոմիտասի անվան պանթեոնում։

Զինված անձինք էին Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Էդուարդ Գրիգորյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը:

Նշենք, որ «հոկտեմբերի 27-ի» գործով դատավճիռը հրապարակվել է 2003 թվականի դեկտեմբերի 2-ին:

Կենտրոնի դատարանի վճռով՝ 6 անձ դատապարտվել է ցմահ, մեկ անձ՝ 14 տարվա ազատազրկման: