Բելառուսը ստիպված է պատասխանել երկրի սահմանների մոտ ամերիկյան զորքերի տեղակայմանը: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Մեր սահմանների մոտ դեռ երբեք այդպես ցուցադրաբար օվկիանոսից զորքեր չէին տեղափոխել: Երբեք նման բան չի եղել: Իմ կարծիքով՝ Լիտվայում եւս առաջին անգամ է: Դա աննախադեպ է, առաջին հերթին: Երկրորդ հերթին, մենք ստիպված ենք պատասխանել: Ընդ որում, հարկ է հասկանալ, որ մենք զենք չենք ճոճի: Մենք խաղաղասեր պետություն ենք, մենք չենք ցանկանում պատերազմել»,- նրա խոսքը մեջբերում է «Բելթա»-ն:

Նրա խոսքով՝ դա «զրահատանկային բռունցք է, եւ պետք չէ թերագնահատել դրա նշանակությունը»:

«Մենք հասկանում էինք, թե ինչ բռունցքներ կստեղծվեն մեր սահմաններին եւ թե ինչ հակառակորդի հետ, Աստված մի արասցե, կարող ենք բախվել: Մենք դրան պատրաստվում էինք՝ արդիականացնելով բանակը: Այդ պատճառով 30 տանկը պարզապես ծիծաղելի է մեր բանակի համար: Մենք նույնիսկ մարմնի որեւէ շարժում կարող ենք չանել՝ դիմակայելու համար»,- ասել է Լուկաշենկոն:

Բացի այդ, նա հայտնել է, որ ծանոթացել է հետախուզական վարչության զեկույցին եւ հետեւել Արեւմտյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայմանը, ինչպես նաեւ ամերիկյան զորքերի դերին: «Տեղակայում է ընթանում: Եվ մեր հետախուզությունը դա ֆիքսում է: Կեցցե՛ք: Մենք ունենք բոլոր տվյալները»,- ասել է Լուկաշենկոն:

Զեկույցը նրան ներկայացրել են Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասը, պաշտպանության նախարար Անդրեյ Ռավկովն ու հետախուզական վարչության պետ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Պավել Տիխոնովը:

Հոկտեմբերին Լիտվայում տեղակայվել էր ԱՄՆ զինված ուժերի գումարտակը, որի կազմում կա մոտ 500 զինծառայող, Abrams 30 տանկերն ու Bradley հետեւակի 25 մարտական մեքենաները: Ստորաբաժանումը տեղեկայված է Պաբրադեում ՝ Բելառուսի սահմանից 15 կմ հեռավորության վրա:

Հոկտեմբերի 22-ին Զասը հայտնել է, որ Լուկաշենկոն իրեն եւ երկրի ՊՆ ղեկավարին հանձնարարել է մշակել եւ ներկայացնել Լիտվայում Բելառուսի հետ սահմանին ԱՄՆ զինված ուժերի կոնտինգենտի եւ զրահատանկային տեխնիկայի տեղակայման հետ կապված գործողություններին ադեկվատ արձագանքելու միջոցառումների ծրագիրը: