Մոտակա տարիներին մեզ կարող ենք թույլ տալ ամենաշատը 2 գիտաահետազոտական կենտրոն․ Բնական գիտությունների կենտրոն, որտեղ հիմնականում ընդգրկված կլինեն ֆիզիկական, քիմիական, մաթեմատիկական եւ կենսաբանական հետազոտությունները՝ առավելագույնը 500 աշխատակցով եւ հայագիտական կենտրոն, որի հիմքը պետք է հանդիսանան Մատենադարանը եւ Ցեղասպանության թանգրան-ինստիտուտը՝ առավելագույնը 200 աշխատակցով: Այս մասին Հայաստանի գիտական համակարգի մասին իր հոդվածում գրում է ԵրՖԻ նախկին աշխատակից Սասուն Գեւորգյանը։

««Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծն արդեն քննարկում են: Եթե մի կողմ դնենք հեղինակների կարծիքը՝ նախագծի մասին դեռ ոչ մի դրական բան չեմ լսել: Ինչպես ենթադրում էի` առավել ակտիվ սկսեցին քննարկել գիտությունների թեկնածու-դոկտոր աստիճանների անիմաստ հեքիաթը, ինչը պրիմիտիվ թաքնված խայծ էր այդ դատարկաբանության մեջ: Նույնիսկ ինչ-որ իրավաբան երիտասարդ, որը, ամենայն հավանականությամբ, բացարձակապես գաղափար չունի գիտության նպատակների մասին, լուրջ տեսքով բացատրում էր երկու աստիճանների գոյության օգուտներն ու իմաստը: Եվ ինչպես ամեն մի ինքնավստահ դատարկապորտ՝ ստում էր, պնդելով, որ աշխարհի շատ երկրներում նման համակարգ գոյություն ունի: Բոլոր գիտական հարցերից ինքնաբացարկ տված ակադեմիայի «վետերաններն» էլ հոգոց հանելով կարծիք հայտնեցին ՝ «կարող է լավ բան է, բայց չի աշխատի»:

Ուրախացրեց ԵՊՀ գիտխորհրդի համարձակությունը: Հուսով եմ՝ կվերադառնան այն ժամանակները, երբ նույնիսկ Կենտկոմի առաջին քարտուղարներն էին զգուշանում եւ հաշվի էին նստում «համալսարանի կարծիքի» հետ: Թե՛ նոր, թե՛ նախկին իշխանությունների կադրային քաղաքականությունը իմ մոտ հիմնականում առաջացրել է զգացմունքների նույն գամման՝ զարմանք, զայրույթ եւ զզվանք: Այդ ֆոնին ինձ հաճելիորեն ուրախացրեց Գեղամ Գեւորգյանին ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար նշանակելը: Ոչ թե այն պատճառով, որ մոտ կես դար է գիտեմ նրան, այլ այն, որ նա իմ սերնդի ամենատաղանդավոր «տղերքից» է՝ եթե չասեմ ամենատաղանդավորը: Նախարարության եւ ԳՊԿ ֆանտաստիկ գորշության ու անընդունակության ֆոնին դա գոնե ինձ հուսադրում է: Ինչեւէ, ես ընդգծել էի, որ օրենք գրելուց առաջ պետք է աչքիդ դեմն ունենաս, թե ինչ համակարգ ես ուզում ստեղծել: Որպես պետական այր Գեղամ Գեւորգյանը ավելի պաշտոնական ձեւակերպեց՝ հայեցակարգ է պետք ունենալ: Իմաստը նույնն է՝ ինչ ենք ուզում արդյունքում ունենալ:

Երազել, իհարկե, կարող ենք, բայց ռեալ կյանքը համառ զարթուցիչի պես անընդհատ ոռնում է՝ աչքերդ բացիր: Բերեմ մի քանի թիվ, որից հետո փորձենք «խոսել գետնին կանգնած»: Նույնիսկ 10 տարի առաջ՝ 2009 թ.-ին, Հարվարդի համալսարնի բյուջեն 3 միլիարդ 827 միլիոն 562 հազար ԱՄՆ դոլար էր, երբ ուսումնական բոլոր մակարդակներում սովորողների թիվը 19230  էր: Չքննարկելով բյուջեի կառուցվածքը՝ պարզապես նշեմ, որ մոտ 1,3 միլիարդ դոլարը գալիս է պետության գրպանից:

(Harvard University Factbook 2009-2010 URL: http://www.harvard.eduhttp://www.provost.harvard.edu/institutional_research/factbook.php)

Այսօր ՀՀ գիտության ունեցած 30 մլն ԱՄՆ դոլարը մոտ այդքան էլ բարձրագույն կրթությանը հատկացվողի հետ մեզ ոչ թե սահմանափակում է, այլ պարզապես ցույց է տալիս մեր իրական տեղը: Մինչեւ 2050թ. խոսք տրվող տնտեսական աճերը նույնիսկ իրականանալու դեպքում ոչ մի սկզբունքային բան չեն կարող փոխել: Նույնիսկ թռուցիկ հայացքը 2019թ.-ի ՀՀ գիտության ֆինանսավորման վրա արդեն շատ բան է հուշում: Կան ամենաքիչը 60 կազմակերպություն, որոնք պետությունից բազային ֆինանսավորման ձեւով ստանում են գումար առանձին տողով: Սրանք ունեն 60 տնօրեն, 120 փոխտնօրեն, 60 գլխավոր հաշվապահ, 120 հաշվապահ, 60 «կադրավիկ», 120 քարտուղարուհի… Չշարունակեմ՝ արդեն 500-ը անցավ: Ակնհայտ է, որ այս համակարգը պետք է ձեւափոխել: Մենք մոտակա տարիներին մեզ կարող ենք թույլ տալ ամենաշատը 2 գիտաահետազոտական կենտրոն․ բնական գիտությունների կենտրոն, որտեղ հիմնականում ընդգրկված կլինեն ֆիզիկական, քիմիական, մաթեմատիկական եւ կենսաբանական հետազոտություններ առավելագույնը 500 աշխատակցով եւ հայագիտական կենտրոն, որի հիմքը պետք է հանդիասանան Մատենադարանը եւ Ցեղասպանության թանգրան-ինստիտուտը՝ առավելագույնը 200 աշխատակցով: Մնացած 4-5 հազար հոգին, որոնք գիտության ասպարեզում աշխատավարձ են ստանում, այս կամ այն ձեւով պետք է պատրաստ լինեն բուհական եւ ակադեմիական գիտությունների միացմանը պետական բուհերի հովանու տակ: Հատուկ եմ նշում՝ պետական: Բուհական համակարգն էլ ենք տասնամյակներ շարունակ դեֆորմացրել տխմարության աստիճան՝ այն նույնպես պետք է նախապատրաստել ակադեմիական ինստիտուտների հետ միացմանը: Ռացիոնալ տրամաբանության սահմաններում այն քննարկելն անհնար է: Նորից պարզ ուղեցույց թվերի տեսքով: 5.5 մլն բնակչություն ունեցող Ֆինլանդիայում այսօր կան 10 համալսարան եւ չորս, այսպես կոչված պոլիտեխնիկում, որտեղ կրթություն են տալիս կիրառական մասնագիտություններում: Սովորում է մոտ 170 հազ. ուսանող, որոնցից մոտ 20 հազարը արտասահմանից: Բոլոր բուհերը կարող եք գտնել QS World University Rankings 2019 կայքում, իսկ լավագույնը՝ Հելսինկիի համալսարանը 110-րդն է: Ուզում եմ հատուկ ընդգծել՝ բոլոր բուհերը պետական են: Ինչքան ուզում եք բացեք «Ֆինբուսակ», «Լապլանդաձոր» կամ «ՄՅՈւԴ ֆիննական ֆիլիալ», դրանք որեւէ գիտակրթական աստիճան տալու իրավունք չունեն: Մենք քանի՞ բուհ պետք է ունենանք, որտեղ կարող են դասավանդել կրթական 3 մակարդակներում: Պատասխանն ավելի քան ակնհայտ է: Կաշառակերության եւ դիպլոմների առուծախի վրա բռնված «դուքյանները» պետք է փակել: Նույնիսկ ինձ են հայտնի դիպլոմ վաճառելու դեպքեր, միջազգային մամուլն է անդրադարձել հայկական կեղծ դիպլոմներին: Բարձրագույն կրթության ուղեցույցներն էլ հասկանալի են: Միայն պետական բուհերը կարող են տալ բակալավրի, մագիստրոսի եւ ասպիրանտի ուսումնական ծրագրեր: Այստեղ էլ ուղենիշները պարզ են: Գիտության թեկնածու կամ անունն ինչ ուզում եք դրեք կարող են պատրաստել այն գիտակրթական կազմակերպությունները, որոնք վերջին 5-10 տարում արդյունք են տվել: Տնտեսագիտական համալսարանը վերջին 5 տարում չունի ոչ մի հրատարակած աշխատանք գոնե 0-ից տարբերվող վարկանիշ ունեցող ամսագրում: Ի՞նչ դոկտոր ու թեկնածու, ի՞նչ ակադեմիկոս: Հաշվետար ու հաշվապահ եք պատրաստում՝ շատ ապրեք: Բայց գիտությունից դեռ մի խոսեք, արդյունք ցույց տվեք՝ նոր: Այսօրվա մասնավոր բուհերում պետք է դադարեցնել ընդունելությունը: Մնացած ուսանողների հարցը կարելի է քննարկել՝ ինչպես ստուգել նրանց գիտելիքները եւ հնարավոր արժանիներին վերաբաշխել պետական բուհերի վրա: Իսկ մասնավոր բուհերում կատարվող գիտահետազոտական աշխատանքների մասին պետք է պարզապես մոռանալ՝ ամոթ է: Ոչ մի դրամ պետբյուջեի, մասնավոր փողերով ինչ ուզում եք, արեք: Որպես «թաքնված ական» օրենքի նախագծի կրթությանը վերաբերվող մասում դրված էր ավելի քան պարզունակ դատարկաբանություն՝ մինչեւ երբ պետք է «ուսուցանեն մայրենին»: Եթե ասեմ «մինչեւ մեռնելը» ՝ տեսնես այս անիմաստ քննարկումները կավարտվե՞ն: Ֆիզկուլտինստիտուտի գյուլաշի բաժնի մարզիչը մեկ է գոռալու է՝ «Արա Վալոդիկ, բեդրավոյ քաշի»: Նրա գրաբարյան «զբեդրավոյն հանապազօրյա զքաշեա, որդյակ իմ»-ը կարող է շատ կարեւոր է, բայց դեռ դրա ժամանակը չէ:

Ինչի՞ց է պետք սկսել, որ ամեն ինչ անցնի հնարավորին չափով օգտավետ ու «մինիմալ ցավով»: Կարծում եմ՝ առաջին էտապում պետք է բոլոր հումանիտար գիտահետազոտական ինստիտուտները միացնել համապատասխան պետական բուհերի հետ: Մատենադարանն ու Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը պահել ակադեմիայի կազմում՝ հայագիտական կենտրոնի ընդհանուր գաղափարի շրջանակում: Բոլոր այդ ինստիտուտները միանում են բուհերին իրենց բազային եւ թեմատիկ ֆինանսներով: Սա առավել օպտիմալ սկիզբն է՝ նշեմ միայն երկու ակնհայտ պատճառ: Հումանիտար ինստիտուտները չունեն փորձարարական բազա եւ «միացումը» ոչինչ չի ավերի: Եվ երկրորդը՝ բնական գիտություններով զբաղվող ինստիտուտները իրար հետ համեմատելն ու օպտիմալացնելն ավելի կհեշտանա: Մի պարզ պատճառով: Հիմա հենց սկսում ես խոսել վարկանիշ ունեցող ամսագրերում հրապարակած աշխատանքներից՝ հայտնվում են ինչ-որ մարդիկ հումանիտար գիտություններից ու սկսվում է լացուկոծը: Բա՞ մենք հայերեն ենք գրում, ո՞նց տպագրվենք բարձր վարկանիշով ամսագրերում: Միացեք համալսարաններին՝ հետո կբացատրեն, թե դոկտոր-հաշվետարներ պետք են երկրին, թե ոչ: Կամ էլ միտքս է գալիս սովետական շրջանի երեւանցի ռուսախոս թուրք Սաբիր Ռզաեւը իր հայատառ շեքսպիրագիտությամբ: Հաջորդ էտապը, որը կարելի է սկսել հենց առաջինին զուգահեռ՝ բնական գիտությունների «ընտրանուց» մոտ 150-200 իրական գիտնական ջոկելն է: Հավատացնում եմ՝ սա էլ շատ անցավ ու արագ կարելի է անել՝ միայն հրապարակած գործերը դիտարկելով: Սրանք էլ կդառնան բնական գիտությունների ազգային կենտրոնի հիմքը: Եթե նկատեցիք՝ ոչ մեկից «փող չխլեցի» ավելի լավին տալու համար: Պարզապես առաջարկում եմ տարբերակ փակուղուց դուրս գալու եւ հնարավոր ֆինանսական աճը արդյունավետ գիտնականներին ուղղելու համար: Հաջորդ էտապով էլ մնացած «բնական գիտությունները» կարելի է միացնել պետական բուհերին:

Խոշոր շտրիխով այսքանը՝ երկու գիտական կենտրոն, մնացածները միանում են պետական բուհերին: Բուհական համակարգը մաքրվում է՝ միայն պետական բուհերը կարող են տալ տարբեր կրթագիտական աստիճաններ: Օրենքը պետք է միտված լինի այս, կամ սրան շատ մոտ համակարգ ստեղծելուն: Մանրամասներն ավելի նեղ մասնագիտական են: Բայց ու՞մ հետ քննարկել՝ արդեն չգիտեմ: Ես նախանձ մարդ եմ, բայց ԳՊԿ նախագահի եւ ԿԳՄՍ նախարարի հետ գիտության մասին խոսող-քննարկողներին չեմ նախանձում: Եթե նույնիսկ ԱԺ գիտության հանձնաժողովն էլ նրանց միանա»,- գրել է նա: