ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր Ալ Բաղդադիի վերջերս տեղի ունեցած մահը, նրան «հիվանդ եւ անբարոյական մարդ» է անվանել, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Ելույթ ունենալով Չիկագոյում ոստիկանության պետերի համաժողովում՝ Թրամփն ասել է․ «Նա մեռած է, ավելի մեռած չի լինում, եւ կարող եմ ասել, որ նա քաջի մահով չի մեռել։ Նրան պետք էր շատ տարիներ առաջ սպանել։ Նրան այլ նախագահ պետք է հասներ»։
Նրա խոսքերով, այժմ «ԻՊ-ի տասնյակ հազարավոր զինյալներ գտնվում են ԱՄՆ-ի խիստ հսկողության տակ»։ Նախագահը նաեւ հավելել է, որ չնայած հյուսիսային Սիրիայից զինծառայողների մեծ մասի դուրսբերմանը, ԱՄՆ-ը ծրագրում է ամերիկյան զինվորականների պարեկություն սահմանել Սիրիայի նավթային հանքավայրերի վրա, որոնք ամսական 45 միլիոն դոլարի եկամուտ են բերում։
Չիկագո մեկնելուց առաջ Թրամփը լրագրողներին ասել էր, թե դիտարկում է Ալ Բաղդադիի սպանությանը հանգեցրած գործողության ընթացքում նկարահանված տեսանյութերի մի մասի հրապարակման հնարավորությունը։
Հիշեցնենք, որ նախօրեին Թրամփը հայտնել էր, թե Ալ Բաղդադին, տեսնելով ամերիկյան զինվորականների մոտենալը, պայթեցրել է մահապարտի իր բաճկոնը։ Ընդ որում, Թրամփի հավաստիացումներով, նա «լացել եւ հեծկլտացել է»։




























