Մենք որոշել ենք կառավարական առանձնատների մոտ գալ, բողոքել, որովհետեւ հիմա ընտրված մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կնոջ հետ փառավոր ապրում է, բայց մեր հարցերը չի կարողանում լուծել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին ասաց կառավարական առանձնատների դիմաց բողոքի ակցիայի մասնակից, Եկմալյան փողոցի քանդված տների նախկին բնակիչներից մեկը։

«Մենք ակնկալում ենք, որ կառավարությունն այս հարցը կլուծի կամ փոխհատուցում կտան,-նշեց նա։

Մեկ այլ բնակիչ էլ ասաց՝ իրենց ժամկետներ են պետք, առջեւում ձմեռ է․ «Կառավարությունը պետք է պատասխանի, թե երբ են լուծելու Եկմալյանի հարցը, բյուջեից փոխհատուցում պետք է տան։ Մինչեւ վերջ գնալու ենք։ Երբ նախորդ անգամ հավաքված էին՝ քաղաքապետարանի եւ կառավարության ներկայացուցիչները ասացին, որ մեր պահանջն արդար է, մեզ պետք է ժամկետներ։ Մենք ուզում ենք պարոն Փաշինյանի հետ հանդիպում, որ հասկանանք՝ ինչ ենք անում, բայց մեզ արհամարում են, ոչինչ չեն ասում»։

Նա պնդեց՝ թող իրենց ժամանակավոր բնարաններով ապահովեն, մինչեւ փոխհատուցումը տան․ «Մենք ողորմություն չենք ուզում, մեր սեփականությունն են քանդել եւ պարտավոր են վճարել։ Թող ռեալ ինչ-որ պատասխան տան, ոչ թե արհամարենՄմենք ամեն օր առավոտյան գալու ենք այստեղ, մինչեւ պատասխան ստանանք։ Սա լուրջ հարց է, սա ՀՀ քաղաքացու իրավունքների ոտնահարում է»։

Եկմալյանի նախկին մոտ 30 բնակիչ արդեն 15 տարի է` պայքարում է քանդված տների դիմաց փոխհատուցում ստանալու համար: Հանրային գերակա շահ ճանաչված այդ տարածքում 3 բարձրահարկ է կառուցվել, սակայն տարածքի բնակիչներին ոչ մի բնակարան չի հատկացվել, թեեւ ունեն նախապես կնքված պայմանագրեր: Նրանց մեծ մասը վարձով է բնակվում, իսկ մի քանիսը ապրում են Եկմալյանի` դեռ չքանդված, սակայն կիսախարխուլ, կոմունալ հարմարություններից զուրկ տներում: