Բնապահպանական ծրագրերի ֆինանսավորման առումով ակնհայտ է օրենքի պահանջներին անհամապատասխանությունը: Հոկտեմբերի 29-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

Նրա խոսքով՝ «Պետական բյուջեի մասին» օրենքում հստակ նշված է, որ բնապահպանական ծրագրերի առումով պետական բյուջեի ծախսերը չեն կարող ավելի քիչ լինել, քան բնապահպանական մուտքերի եւ անցյալ բյուջետային տարում ընդերքի օգտագործման համար վճարումների գումարը: Իսկ 2020 թվականի համար հատուկ նշվել է, որ այս ցուցանիշը չպետք է ավելի փոքր լինի: Պատգամավորը նշեց, որ ըստ օրենքի՝ 2020 թվականին բնապահպանական ծրագրերին պետք է հատկացվեր մոտ 54 մլն դրամ ընդդեմ անցյալ տարվա 40 մլն-ի: Նա հարց տվեց՝ ո՞վ պետք է պատասխանատվություն կրի օրենքի խախտման համար՝ բնապահպանության եւ ֆինանսների նախարարնե՞րը, թե՞ ընդհանրապես Կառավարությունը:

Ի պատասխան բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարեց, որ բնապահպանության ոլորտի ֆինանսավորումը, այսպես թե այնպես, պետք է մեծանա: Գալիք տարիներին այդ մեծացումը կիրականացվի ավելի հեղափոխական տեմպերով, քան հիմա: «Սակայն օրենքի այդ հոդվածի ձեւակերպումը լրացուցիչ պարզաբանումների անհրաժեշտություն ունի: Մասնավորապես՝ այդ ծավալի մեջ արդյոք ներառվում է բնապահպանական վճարումների գումարը»,- շեշտեց նախարարը: Գրիգորյանը նշեց, որ դրանից բացի, անհրաժեշտ է կոնկրետացնել, թե ինչ է նկատի առնվում բնապահպանության ոլորտի ֆինանսավորման տակ: «Կան ծրագրեր, որոնք կարող են իրականացվել Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ու այլ մարմինների կողմից, որոնք բնապահպանական բաղադրիչ ունեն»,- ասաց նա:

Ի պատասխան Թանդիլյանը հայտարարեց, որ ինքը հաշվարկել է ընդհանուր բնապահպանական ծրագրերի արժեքը, եւ նշեց, որ եթե նա պատրաստ չէ իրականացնել այդ ծրագրերը կամ Ֆինանսների նախարարությունը պատրաստ չէ դրանք ընդունել, ապա առաջանում է նրա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը: «Կարծում եմ, որ դուք պետք է լրջորեն վերաբերվեք այս հարցին եւ ծրագրերը վերջնական հաստատման ներկայացնեք»,- եզրափակեց Մանե Թանդիլյանը:

Նախարարը ստիպված էր այս հայտարարություններն անպատասխան թողնել: