Թուրքիայի ԱԳ նախարարությունը դատապարտել է ԱՄՆ-ում Անկարայի դեմ պատժամիջոցների մասին օրինագծի ընդունումը, նշված է գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Ավելի վաղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը գրեթե միաձայն հավանություն էր տվել օրինագծին, որը նախատեսում է Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանում Սիրիայում ռազմական գործողության, ինչպես նաեւ ռուսական Ս-400 համակարգերի գնման պատճառով:

«Մենք վճռականորեն դատապարտում ենք այսօր (հոկտեմբերի 29-ին) ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում օրինագծի ընդունումը, որը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ է նախատեսում «Խաղաղության ակունք» գործողության կապակցությամբ»,- նշված է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ:

Թուրքիայի արտաքին քաղաքականության գերատեսչությունից նշել են, որ օրինագիծը «չի համապատասխանում ՆԱՏՕ-ի ոգուն եւ հակասում է համաձայնագրին, որը հոկտեմբերի 17-ին Սիրիայի հարցով ձեռք էր բերվել ԱՄՆ վարչակազմի հետ»:

Թուրքիայի իշխանությունները նաեւ ԱՄՆ Կոնգրեսին կոչ են արել «երկկողմ հարաբերությունների հարցերը չօգտագործել ներքաղաքական նպատակների համար»: «Մենք ԱՄՆ վարչակազմին կոչ ենք անում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու համար մեր հարաբերությունների հետագա վատթարացումը»,- հավելել են ԱԳՆ-ից:

Ընդունված օրինագծով նախատեսվում է պատժամիջոցների սահմանում ընդդեմ Halkbank-ի եւ թուրք բարձրաստիճան անձանց, ներառյալ պաշտպանության նախարարի, ինչպես նաեւ թուրք պաշտոնյաների ակտիվների արգելափակում: Դրանից բացի, փաստաթղթով նաեւ հանձնարարվում է հնարավոր գործողությունների հետագա քննարկման համար Կոնգրես տվյալներ ներկայացնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ընտանիքի ԱՄՆ-ում ունեցած ակտիվների մասին:

Փաստաթուղթն այժմ պետք է ընդունի Սենատը: Դրանից հետո ստորագրելու համար այն կուղարկվի ԱՄՆ նախագահին: