Չինաստանը զգուշացրել է Ավստրալիային Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանի եւ այնտեղ մարդու իրավունքների պահպանման վերաբերյալ ԱԳՆ ղեկավար Մերիս Փեյնի «անտեղի» հայտարարությունների պատճառով, չորեքշաբթի ճեպազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ուշադրություն դարձրինք Ավստրալիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի դրական հայտարարություններին Չինաստանի զարգացման մասին, երկու երկրների հարաբերությունների, Չինաստանի հետ ռազմավարական գործընկերությունը շարունակելու պատրաստակամության եւ տարաձայնությունները պատշաճ ձեւով լուծելու մասին, մենք ողջունում ենք դա»,- ասել է դիվանագետը։

Նա միեւնույն ժամանակ ավելացրել է, որ Ավստրալիայի ԱԳՆ ղեկավարը «անտեսել է փաստերը եւ հանդես եկել Սինցզյանի վերաբերյալ հայտարարություններով՝ առանց որեւէ քաղաքական անհրաժեշտության, դա նպաստավոր չէ մեր երկկողմ հարաբերությունների բարելավման համար»։

«Մենք զգուշացրինք ավստրալական կողմին այս առնչությամբ»,- ընդգծել է նա։

Ավստրալիայի ԱԳՆ ղեկավար Մերիս Փեյնը, նախօրեին հանդես գալով Սիդնեյում, ասել է, որ Ավստրալիան չի լռի Չինաստանի Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանում մարդու իրավունքների ոտնահարման հետ կապված եւ Պեկինին պատասխանատվության կկոչի համապատասխան հարցերի առնչությամբ։

2018 թվականի օգոստոսի վերջին ՄԱԿ ռասայական խտրականության վերացման կոմիտեի փորձագետները հրապարակված զեկույցում տեղեկացրել էին, որ 1 մլն էթնիկ ույղուրներ կարող են գտնվել Չինաստանի Սինցզյան-ույղուրական ինքնավար մարզի «դաստիարակիչ ճամբարներում»։ Մեկնաբանելով այս իրավիճակը՝ չինական ԱԳՆ-ն ասել է, որ ույղուրներին այդ «ճամբարներում» պահելու մասին տեղեկությունը ոչնչով հաստատված չէ եւ չի համապատասխանում իրականությանը։

Չինաստանի իշխանությունները հայտարարում են, որ շրջանում ստեղծվել է «պրոֆեսիոնալ-տեխնիկական կրթության հաստատություններ», որոնցում շեշտադրվում է ընդհանուր լեզվի, օրենքի դրույթների եւ պրոֆեսիոնալ հմտությունների ուսուցանումը։ Այդ կենտրոններում, չինական կողմի հավաստմամբ, կատարվում է «ահաբեկչությանը եւ ծայրահեղականությանը դիմակայելու» աշխատանք։