ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի պաշտպան Երվանդ Վարոսյանն այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է  Արսեն Բաբայանի տեսակցություններն ու հեռախոսային խոսակցություններն արգելելու մասին ՀՔԾ որոշումը։

«Արսեն Բաբայանի տեսակցություններն ու հեռախոսային խոսակցություններն արգելելու մասին ՀՔԾ որոշման, դրա հիմնավորումների ու պատճառաբանությունների մասին բազմաթիվ հարցերին ի պատասխան պարզապես հրապարակում ենք այդ որոշումն իր բոլոր «հիմնավորումներով» ու «պատճառաբանություններով»...»։

Ավելի վաղը հայտնել էինք, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը Արսեն Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի եւ նրա տեսակցությունները արգելելու մասով ասել էր, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում քննիչն է գնահատում, թե որ խափանման միջոցն է ի զորու ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը. «Տվյալ դեպքում գործը քննող քննիչը եկել է այն եզրակացության, որ Արսեն Բաբայանի պատշաճ վարքագիծը կարող է ապահովել միայն կալանորման պայմաններում, հենց այդ նկատառումներով արգելանք է դրվել նրա տեսակցությունների վրա»։

Հիշեցնենք, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ձերբակալվել է հոկտեմբերի 21–ին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը) նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հաջորդ օրը ՀՔԾ–ն Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության յուրացման օժանդակելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով։ Ըստ մեղադրանքի՝ Բաբայանը խեղաթյուրել է Գագիկ Հարությունյանի դիմումն իրականում 2018 թվականի մարտի 5-ին ԱԺ մուտք լինելու հանգամանքը, մուտքագրման ամսաթիվը նշելով 2018 թվականի մարտի 2-ը։ Այս եղանակով Արսեն Բաբայանը պայմաններ՝ կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար:

Հոկտեմբերի 24–ին Արսեն Բաբայանը կալանավորվեց։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը միաժամանակ ոչ իրավաչափ ճանաչեց ձերբակալման որոշումը։