Ջեֆրի Էփշտեյնի եղբոր կողմից վարձված դատաբժշկական փորձագետը հայտարարել է, թե ապացույցները վկայում են այն մասին, որ ֆինանսիստը ոչ թե ինքնասպան է եղել, այլ սպանվել է։
Մայքլ Բադենի հայտարարությունը հակասում է ինքնասպանության մասին պաշտոնական վարկածին։ Նա նշել է, որ Էփշտեյնի վնասվածքները «առավել բնորոշ են եղել սպանությանը, ոչ թե ինքնասպանությանը»։ «Ես կարծում եմ, որ ապացույցները ավելի շատ մատնանշում են սպանություն, քան ինքնասպանություն»,- Fox News-ին ասել է նախկին բժշկական փորձագետ, նյույորքցի Բադենը, որը մասնակցել է դիահերձմանը։
Նրա խոսքերով, Էփշտեյնի վզի բազմաթիվ կոտրվածքները, մասնավորապես լեզվի տակի ոսկորի եւ վահանաձեւ կռճիկի կոտրվածքները «շատ անսովոր են ինքնասպանության համար»։
Էփշտեյնը օգոստոսի 10-ին մահացած էր հայտնաբերվել Նյու Յորքի խիստ ռեժիմի պատժիչ կենտրոնում։ Այնտեղ նա սպասում էր անչափահաս աղջիկների սեքս-թրաֆիքինգի մեղադրանքով դատին։
Նյու Յորքի գլխավոր բժշկական փորձագետ Բարբարա Սիմփսոնը որոշել էր, որ նա ինքնասպան է եղել, սակայն այդ վճիռը բողոքարկվել էր Էփշտեյնի փաստաբանների եւ նրա եղբոր՝ Մարկի կողմից։
66-ամյա Էփշտեյնը բազմամիլիոնանոց եկամուտ ունեցող հեջ-հիմնադրամի մենեջեր էր։ Նա անձամբ ծանոթ էր շատ հայտնի մարդկանց, այդ թվում բրիտանական արքայազն Էնդրյուի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։



























