Հայաստանի ԱԻՆ-ում հոկտեմբերի 30-ին, ժամը 19:03-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ազատության պողոտայի եւ Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար՝ ավտոմեքենան շրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 26-ամյա Անդրանիկ Շ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, շրջվել եւ բախվել կայանած «Lexus IS 250» (վարորդ՝ Հովհաննես Մ.) եւ «Hyundai Elantra» (վարորդ՝ Դավիթ Մ.) մակնիշների ավտոմեքենաներին:

Մինչ փրկարարների՝ կանչ վայր հասնելն Անդրանիկ Շ.-ին քաղաքացիների ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից. վերջինիս շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն (հոսպիտալացման կարիք չի եղել):

Փրկարարները սահմանազատել են տարածքը, ուղղել շրջված «LADA Priora» մակնիշի ավտոմեքենան եւ հոսանքազրկել այն: