Հայաստանում սոցիալական պաշտպանության ոլորտում կադրերի պատրաստման խնդիր կա: Այս մասին նոյեմբերի 4-ին «Սոցիալական աշխատանքը եւ արժանի սոցիալական պաշտպանության օրակարգը Հայաստանում» թեմայով միջազգային կոնֆերանսի ժամանակ հայտարարեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Նրա խոսքով՝ սոցիալական ոլորտում աշխատանքները պետք է հիմնված լինեն կարիքների գնահատման եւ համապատասխան քաղաքականության ձեւավորման վրա:
«Այդ հարցում մասնագետների փորձն ու գիտելիքները կարեւոր են ոչ միայն խնդիրների լուծման, այլ նաեւ դրանց կանխարգելման տեսանկյունից: Անհրաժեշտ է աշխատել հենց այդ համակարգի ներդրման վրա»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-5-ը Երեւանի պետական համալսարանում անցկացվում է «Սոցիալական աշխատանքը եւ արժանի սոցիալական պաշտպանության օրակարգը Հայաստանում» թեմայով միջազգային կոնֆերանսը:




























