ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ Միգարա դե Սիլվայի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին՝ Գեղամ Գեւորգյանը շնորհակալություն է հայտնել ՀԲ-ի կողմից «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրի» շրջանակում ՀՀ ՏՄՊՊՀ-ում իրականացվելիք բարեփոխումների աշխատանքները ֆինանսավորելու համար: 

«Ծրագիրը մեզ համար կենսական նշանակություն ունի: Խնդիր ենք դրել դրա շրջանակում իրականացնել մի շարք բարեփոխումներ, որոնք շոշափելի արդյունքներ կտան եւ կնպաստեն մեր գործունեության արդյունավետության բարձրացմանը»,- նշել է Գեղամ Գեւորգյանը:

Զրուցակիցները մասնավորապես կարեւորել են թվային հարթակի ստեղծումը, որի արդյունքում  կբարելավվի ներքին վարչարարությունը, էականորեն կկրճատվեն տնտեսվարողների կողմից մրցակցային մարմնին դիմելու եւ պատասխաններ ստանալու ժամկետները, որոշումների կայացման գործընթացը կդառնա էլ ավելի թափանցիկ:

«ԵԱՏՄ-ում եւս սկսվել է թվայնացման գործընթացը մրցակցության ոլորտում,  եւ  ես շատ եմ ցանկանում, որ հենց Հայաստանն այս առումով  լինի առաջամարտիկը: Իհարկե,  այդ ցանկությունը բավականին հավակնոտ է, սակայն կարծում եմ, որ մեր ուժերի սահմաններում է»,- հավելել է ՏՄՊՊՀ նախագահը:

Հանդիպման շրջանակում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր եւս: