Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը բնակչությանն ու գործարար շրջանակներին կոչ է արել հրաժարվել դոլարից եւ թուրքական լիրա օգտագործել: Այս մասին նա ասել է խորհրդարանում ելույթի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:
«Մեր տնտեսության մեջ ամբողջ թափով շարունակվում է վերականգնման գործընթացը: Բոլոր թվերը դա են մատնանշում: Եվ մեզ դեռ ասում են, որ մենք տանուլ ենք տալիս: Ազատվեք այդ դոլարից, եկեք վերադառնանք մեր արժույթին: Թուրքական լիրան այլեւս չի ընկնում»,- ասել է նա:
Այդպիսով նա կոչ է արել հոգ տանել հայրենիքի մասին եւ ազգային հպարտություն դրսեւորել: Նա հավելել է, որ «բոլոր նրանք, ովքեր հավատացել են երկրին եւ ներդրումներ են արել, հաղթանակել են եւ շարունակում են հաղթանակել»:
Թուրքիան վերջին մի քանի տարում ձգտում է կրճատել դոլարի մասնաբաժինը առեւտրային գործարքներում, գլխավորապես արտաքին առեւտրի ոլորտում: Անկարան միջկառավարական համաձայնագրեր է կնքում ազգային արժույթով հաշվարկների անցում կատարելու մասին:




























