Ամստերդամը մտադիր է ազատվել «Կարմիր լապտերների թաղամաս» արտահայտությունից, որը սերտորեն կապվում է ինտիմ-ծառայությունների տրամադրման հետ։ Այս մասին քաղաքային խորհրդում քննարկումների ժամանակ հայտնել է քաղաքապետի զբոսաշրջության հարցերով տեղակալ Վիկտոր Էվերխարդտը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Անվանումը, մասնավորապես կանհետանա բոլոր փողոցային ցուցանակներից։ Իսկ «Կարմիր լապտերների թաղամաս» արտահայտության փոխարեն կօգտագործվի թաղամասի պատմական անունը՝ «Դե Վալեն» կամ պարզապես «քաղաքի կենտրոն»։

«Քաղաքում շատ կուսակցություններ համաձայն են, որ Ամստերդամը չպետք է սեքս-ծառայությունները որպես տեսարժան բան ներկայացնի։ «Կարմիր լապտերների թաղամաս» արտահայտությունը ոչ ճիշտ ենթատեքստ ունի»,- ասել է փոխքաղաքապետը,- «Դա ծայրահեղ անհաջող ընտրություն է շրջանի անվան համար։ Դա անցանկալի կողմնակի արձագանք է առաջացնում այն ամենի հանդեպ, ինչ մենք անում ենք։ Այդ պատճառով մենք այլեւս չենք օգտագործի այդ բառերը»,- հավելել է նա։

Էվերխարդտը նկատել է, որ թաղամասի անվան շուրջ բանավեճերը սկսվել են կապված նոր երթուղու նախագծման հետ, որը թույլ կտա առավել արդյունավետ բաշխել զբոսաշրջիկների խմբերին քաղաքի կենտրոնի նեղլիկ փողոցներում։ Նա նաեւ նշել է, որ բնակիչները տեղյակ են քաղաքապետարանի ծրագրերից եւ ակտիվորեն մասնակցում են քննարկումներին։

Միաժամանակ, Կարմիր լապտերների թաղամասի ապագան հարցականի տակ է մնում։ Ավելի վաղ քաղաքապետ Ֆեմկե Խալսեման հայտարարել էր, որ իշխանությունները դիտարկում են տարբերակներ, որպեսզի նվազեցնեն բնակչության համար անհարմարությունները։ Դրանց թվում է թաղամասը քաղաքի ծայրամաս տեղափոխելը կամ կարմիր լուսավորությամբ ցուցափեղկերն ու լուսամուտները նվազեցնելը, նույնիսկ դրանք վերացնելը։ Սակայն վերջերս բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկումը ցույց է տվել, որ բոլորին բավարարող լուծում գտնելը համարյա անհնար է։