ՆԱՏՕ-ն Boeing ընկերության հետ 1 միլիարդ դոլարի պայմանագիր է կնքել՝ AWACS հետախույզ-ինքնաթիռների իր պարկը արդիականացնելու նպատակով, հայտնում է Reuters-ը։

Boeing-ի ինքնաթիռները, որոնք կարող են հայտնաբերել թշնամական ինքնաթիռները, հրթիռները, նավերը եւ այլ սպառազինություններ ՆԱՏՕ-ի սահմաններից շատ հեռու, կվերասարքավորվեն համակարգչային առավել հզոր պրոցեսորներով, սերվերներով եւ այլ սարքերով։

14 ինքնաթիռներ, որոնք բազավորվել են Գերմանիայում, արդեն կարող են տվյալների փոխանցման թվային ալիքներով տեղեկատվություն փոխանակել ցամաքային, ծովային եւ օդային օբյեկտների հետ, սակայն տեխնոլոգիաների զարգացման հետ նրանց կպահանջվի տվյալների փոխանցման ավելի մեծ հնարավորություններ։

«Արդիականացումը կապահովի, որ ՆԱՏՕ-ն տեխնոլոգիաների առաջին գծում մնա։ Boeing-ը AWACS-ներին կապահովի նոր բարդ կոմունիկացիոն եւ ցանցային հնարավորություններով, որպեսզի այդ ինքնաթիռները կարողանան շարունակել կատարել կենսական կարեւորություն ունեցող իրենց առաջադրանքները»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։

Արդիականացումը կֆինանսավորվի ՆԱՏՕ-ի 16 անդամների, այդ թվում ԱՄՆ-ի, Գերմանիայի, Թուրքիայի, Իտալիայի եւ Իսպանիայի կողմից։