Ճապոնիայում եւս մեկ հզոր երկրաշարժ է գրանցվել: Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Ճապոնիայի հյուսիս-արեւելքում` Հոնսյու կղզու շրջանում, ասված է ԱՄՆ երկրաբանական ծառայության հաղորդագրության մեջ: Երկրաշարժը զգացվել է նաեւ մայրաքաղաք Տոկիոյում:
Հայտարարվել է ցունամիի նախազգուշացում:
Նշենք, որ այսօր մեկ այլ երկրաշարժ էլ տեղի է ունեցել «Ֆուկուսիմա» վթարված ատոմակայանի շրջանում։ Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի ափերի մոտակայքում, իսկ օջախը գտնվել է ծովի տակ՝ ավել քան 50 կմ խորության վրա։
Նշենք, որ այսօր լրանում է Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մեկամսյակը։ Զոհերի թիվը գերազանցել էր 13 հազարը։ Ավելի քան 15 հազար մարդ անհետ կորած է համարվում։ Մարտի 11-ից ի վեր Ճապոնիայում 5 բալից բարձր ավելի քան 400 երկրաշարժ է տեղի ունեցել։
Ճապոնիայում տեղի ունեցած հզորագույն երկրաշարժից եւ դրան հետեւած ցունամիից հետո արդիական է դարձել աշխարհի բոլոր երկրներում կառուցված ատոմակայանների անվտանգության հարցը։
Գերմանիան դարձել է առաջին երկիրը, որը քայլեր է ձեռնարկել ատոմային նախագծերը դադարեցնելու ուղղությամբ։ Այդ երկիրը երեք ամսով կդադարեցնի մինչեւ 1980 թվականը կառուցված ատոմային էլեկտրակայանների աշխատանքը՝ դրանց հետագա շահագործման հնարավորությունները ստուգելու համար։
Իսկ ահա Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել էր, որ իր երկիրը հետեւություններ կանի Ճապոնիայում տեղի ունեցած միջուկային վթարից, սակայն չի հրաժարվի մինչեւ 2023-ը երեք ԱԷԿ-ներ կառուցելու իր պլաններից։
Հայկական ԱԷԿ-ը, որը տեղակայված է Երեւանից 30 կմ հարավ՝ Մեծամոր քաղաքում, միակն է տարածաշրջանում։ Նշենք, որ Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը NEWS.am-ի թղթակցին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանը չի հրաժարվի ատոմային էներգետիկայից՝ նույնիսկ Ճապոնիայում տեղի ունեցած իրադարձությունից հետո։





























