Վերջերս կայացած բանակցությունները օգնեցին հաղթահարել փակուղային իրավիճակը Կատարի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հարաբերություններում։ Այս մասին հայտարարել է Կատարի արտգործնախարար, շեյխ Մուհամմեդ Բին Աբդուլրահման Ալ Տանին՝ նշելով, որ Դոհան կուսումնասիրի Պարսից ծոցում իր մրցակիցների պահանջները, սակայն երես չի թեքի դաշնակից Թուրքիայից, հայտնում է Reuters-ը։
Մոտ երկու տարի առաջ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը եւ Եգիպտոսը խզել էին դիվանագիտական եւ առեւտրային հարաբերությունները Կատարի հետ՝ նրան մեղադրելով ահաբեկչության մեջ։ Դոհան հերքում է մեղադրանքները՝ հաստատելով, որ էմբարգոն խափանում է երկրի ինքնավարությունը։
Վերոնշյալ երկրները Կատարին 13 պահանջ էին ներկայացրել, ներառյալ «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փակելը, թուրքական բազայի փակելը, Իրանի հետ կապերը թուլացնելը եւ «Մուսուլման եղբայրների» հետ կապերը դադարեցնելը։
Կատարի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Դոհան տարաձայնությունները հարթելու համար չի փոխի հարաբերություններն Անկարայի հետ։ «Մենք երախտապարտ ենք ցանկացած երկրի, որն օգնել է մեզ ճգնաժամի ընթացքում, մենք երբեք երես չենք թեքի նրանցից»,- ասել է նա։
Սաուդյան Արաբիայի պաշտոնյաներն ասում են, որ իրենց պահանջները չեն փոխվել, սակայն բանակցություններին ծանոթ երկու աղբյուրներ հայտարարել են, որ Էր Ռիադն այլեւս չի ակնկալում, որ Դոհան կդադարեցնի հարաբերությունները Թուրքիայի հետ կամ կփակի «Ալ Ջազիրան», որին արաբական երկրները մեղադրում են նրանում, որ Կատարը օգտագործում է նրան՝ որպես իրենց վրա հարձակման հարթակ։
Ըստ աղբյուրների՝ Դոհան ուզում է, որ Սաուդյան Արաբիան բացի Կատարի միակ ցամաքային սահմանը եւ օդային ճանապարհները։





























