Խթանել հասարակության տարբեր խմբերի ներգրավվածությունը կրթական, գիտական, մշակութային, կամավորական աշխատանքի և առողջ ապրելակերպի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին։  Այս նպատակով են Արման Տոնիկյանն ու Արթուր Հովհաննիսյանն հիմնադրել «Ապագայի կամուրջ» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական նոր կազմակերպությունը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ օրերս Երևանում։

Միջոցառմանը հյուրընկալվել էին առնչվող ոլորտները ներկայացնող տարբեր բանախոսներ, ովքեր կիսվեցին իրենց անձնական փորձով և պատրաստակամություն հայտնեցին ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն հասարակական գործունեության ոլորտում:

«Մասնավոր հատվածի զարգացում ու մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի փորձագետ Յուլիա Ստակյանը խոսեց մասնավոր հատված և մասնագիտական կրթություն ոլորտային համագործակցության կարևորության մասին՝ ընդգծելով դրանում ՀԿ-ների դերը:

«Էրազմուս Պլյուս» ազգային գրասենյակի ծրագրերի պատասխանատու Էդիթ Սողոմոնյանի ելույթը նվիրված էր նրան, թե ինչպես է ԵՄ-ՔՀԿ կապը հզորացնում երիտասարդներին:

Միջոցառման բանախոսներից մեկն էլ Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավար Սաշիկ Սուլթանյանն էր, ով խոսեց կրթամշակութային ծրագրերում ազգային փոքրամասնությունների ներգրավվածության մասին: Նա պատրաստակամություն հայտնեց ապագայում ստեղծել համագործակցության ամուր կամուրջ:

 «Ապագայի կամուրջ» հասարակական կազմակերպության նախագահ Արման Տոնիկյանը նշեց, որ իրենց կանոնադրական կարևոր խնդիրներից մեկը հասարակության տարբեր խմբերի ներգրավվածությունը կրթական, գիտական, մշակութային, կամավորական աշխատանքի և առողջ ապրելակերպի զարգացմանն ուղղված նախաձեռնություններում խթանելն է և առանձնացրեց, որ կազմակերպության գործունեությունը, որում կրթական բաղադրիչը ամենակարևորն է, միտված է լինելու մերօրյա արդիական հիմնախնդրին՝ կայուն զարգացմանը։