ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին քննադատության է ենթարկել Ներկայացուցիչների պալատի դեմոկրատներին, որոնք պատրաստվում են իրեն իմփիչմենթի ներկայացնել։
«Իմփիչմենթի հետ կապված կեղծիքը ամերիկյան քաղաքականության պատմության մեծագույն խաբեությունն է։ Ֆեյքային նորությունների ԶԼՄ-ները եւ նրանց գործընկեր Դեմոկրատական կուսակցությունը աշխատում են արտաժամյա՝ փորձելով բարդացնել Հանրապետական կուսակցության կյանքը»,- գրել է նա Twitter-ում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Ներկայացուցիչների պալատի արդարադատության հանձնաժողովը երկուշաբթի առավոտյան հրապարակել է 658 էջանոց զեկույց, որում մանրամասն շարադրում է նախագահի դեմ առաջադրված մեղադրանքները՝ իրավասությունների չարաշահում եւ Կոնգրեսի աշխատանքի խոչընդոտում։
«Թեեւ իմփիչմենթի հիմնավորման համար չկա անհրաժեշտություն, որ նախագահ Թրամփի գործողությունները քրեական հանցագործության բնույթ կրեն, նրա վարքագիծը հանցավոր է»,- ընդգծում են զեկույցի հեղինակները՝ պնդելով, որ նախագահը «դավաճանել է ժողովրդին» եւ պետք է հեռացվի պաշտոնից։
«Եթե նախագահ Թրամփի գործողությունները մնան առանց հետեւանքների, դա վտանգավոր ազդանշան կլինի ապագա նախագահների համար։ Նախագահ Թրամփը խոսքով եւ գործով փորձել է Սահմանադրությունից հանել իմփիչմենթի մասին դրույթը»,- ասվում է զեկույցում։
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆանի Գրիշեմը քննադատության է ենթարկել դեմոկրատների փաստարկները՝ հայտարարելով․ «Բարեբախտաբար, այս երկրի ժողովուրդը նախկինի պես տեսնում է, որ սա ոչ ավելին է, քան կուսակցական խարդախությունը»։





























