Թաիլանդի ոստիկանությունը կրկին կալանավորել է սերիական մարդասպան Սոմկիդ Պումպուանգին, որն ավելի վաղ բանտից վաղաժամկետ ազատվել էր լավ վարքագծի շնորհիվ, հայտնում է AFP-ն: 

2005 թվականին Պումպուանգը ցմահ ազատազրկման էր դատապարտվել 5 կնոջ սպանության համար, որոնք սեքս ինդուստրիայի ներկայացուցիչներ էին, եւ ստացել էր Թաիլանդի «Ջեք մարդասպան» մականունը:

Իշխանություններն ավելի ուշ նրան համարել էին «օրինակելի բանտարկյալ» եւ այս տարվա մայիսին բանտից վաղաժամկետ ազատել էին: Հիմա Պումպուանգը համարվում է երկրի հյուսիս-արեւելքում հյուրանոցի 51-ամյա սպասուհու սպանության գործով գլխավոր կասկածյալը:

Իշխանությունները նրա նկատմամբ հետախուզում են հայտարարել՝ խոստանալով կասկածյալի մասին ցանկացած տեղեկության համար 1650 դոլար:

Պումպուանգին, ի վերջո, ձերբակալել են Փակչոնգ քաղաքի շրջանում գնացքի մեջ:

Թաիլանդը ամենագերբեռնված բանտերով երկրներից մեկն է: Ընդ որում՝ բանտարկյալների մոտ 80 տոկոսը պատիժ է կրում թմրանյութերի իրացման հետ կապված հանցագործությունների համար: