Թուրքիան ծրագրում է ռազմածովային բազա կառուցել Կիպրոսի գրավված հյուսիսային տարածքում՝ միաժամանակ դիտարկելով այնտեղ F-16 ռմբակոծիչներ տեղադրելու հնարավորությունը, գրում է Financial Mirror-ը՝ հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին։

Ամեն օր թուրք-կիպրոսական Havadis թերթը հայտնում է, որ հյուսիսում տեղակայված թուրքական զինված ուժերը ծրագրում են հրամանատարական կենտրոն եւ այլ ծովային օբյեկտներ կառուցել գրավված Տրիկոմոյում։

Տրիկոմոյում ռազմածովային բազա կառուցելու Թուրքիայի ծրագրերը ծագել են մի քանի օր անց այն բանիցմ երբ գրավված հյուսիսային Կիպրոսի իշխանությունները թույլ տվեցին թուրքական ռազմաօդային ուժերին որպես ռազմական եւ քաղաքացիական անօդաչուների բազա օգտագործել Լեֆկոնիկոյի օդանավակայանը։

Երկուշաբթի Թուրքիան անօդաչու հետախույզ ինքնաթիռ է ուղարկել կղզու օկուպացված հյուսիսային մաս։ Թուրքական արտադրության Bayraktar TB2 ինքնաթիռը ժամանել է Լեֆկոնիկո օդանավակայան թուրքական Դալամանի ավիաբազայից։

Ինչպես գրում է Hurriyet-ը, անօդաչու սարքը ոչ մեծ նավատորմի մի մասն է, որը «կուղեկցի Թուրքիայի հորատանավերին ու ռազմածովային ուժերին արեւելյան Միջերկրածովում»։

Թուրքական Yeni Safak թերթը նույնպես հաստատում է, որ թուրքական կողմը կարող է օգտագործել Լեֆկոնիկոն «անհրաժեշտության դեպքում»՝ իր F-16-երի առաքելության կատարմանն աջակցելու համար։