Ինդոնեզիայում ձերբակալվել են վեց արտասահմանցիներ, որոնք փորձել են թմրանյութեր ուղարկել զբոսաշրջային Բալի կղզի, հայտնում է AP-ը։
Շվեյցարացին, թաիլանդացին, սինգապուրցի կինը, չիլիացին եւ երկու հոնկոնգցիներ կալանավորյալի նարնջագույն համազգեստով եւ կապված ոտքերով ու ձեռքերով ցուցադրության են հանվել Բալիի շրջանի մայրաքաղաք Դենպասարում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
Բալիի մաքսային շրջանային բաժանմունքի ներկայացուցիչ Նուսատենգարա Վախիդ Կուրնիավանը հայտարարել է, որ կասկածյալները առանձին-առանձին կալանավորվել են օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո։
Ինդոնեզիայում թմրանյութերի հետ կապված օրենքները շատ խիստ են, դրա համար նախատեսվում է մահապատիժ։ Ավելի քան 150 մարդ ներկայում գտնվում է մահապատժի դատապարտվածների խցում, հիմնականում թմրանյութերի հետ կապված գործերով։ Նրանց մեկ երրորդը արտասահմանցիներ են։
Մայիսին ֆրանսիացին 3 կգ էքստազիի մաքսանենգության համար մահապատժի էր դատապարտվել Լոմբոկում՝ Բալիի հարեւան կղզում, սակայն գերագույն դատարանը նրա պատիժը փոխարինել էր 19 տարվա ազատազրկմամբ։
Անցյալ ամիս Բալիի դատարանը երկու թայվանցիների 1 կգ մետամֆետամինի մաքսանենգության համար դատապարտել էր 16 տարվա բանտային ազատազրկման։





























